Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերն այցելել են «Հայարտուն» կենտրոն
ԱՐԽԻՎ
Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թբիլիսիի իր գործընկերոջ հետ միասին այցելել է Թբիլիսիի Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդության կենտրոն:
Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի ուղեկցությամբ քաղաքապետերը ծանոթացել են կենտրոնի գործունեությանն ու պայմաններին: Թեմի առաջնորդը նշել է, որ եկեղեցուն կից կենտրոնում այսօր ուսանում են շուրջ 650 երիտասարդներ և երեխաներ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է կենտրոնում, զրուցել ուսուցիչների և երեխաների հետ: Կենտրոնում գործող մանկապարտեզն, ի դեպ, Թբիլիսիի հայկական առաջին մանկապարտեզն է, որտեղ հաճախում են ոչ միայն զուտ հայկական ընտանիքների, այլև երկու ազգությունների ներկայացուցիչներից ձևավորված ընտանիքների երեխաներ:
Կենտրոնի սաները Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերին ողջունել են իրենց կատարումներով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի մանկավարժներին հայապահպանության կարևոր գործին նվիրվածության համար և մաղթել է բոլորին նորանոր հաջողություններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)