Իրազեկում՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը կարող է աճել մինչև 150-200 սմ Դեկտեմբերի 29-ին և 30-ին լույս չի լինելու Խցակից Արքեպիսկոպոսների շնորհավորական ուղերձը` Միքայել Սրբազանի ծննդյան օրվա առթիվ 2026 թվականի հունվարի սկիզբ. 4 կենդանակերպի նշաններ, որոնց սպասում է հաջողության ալիք Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Խոշոր ավտովթարի ժամանակ «Shacman» բեռնատարը բախվել է ժայռին. կա վիրավոր Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ Վիգեն Չալդրանյանը պարգևատրվեց «Մշակույթի ասպետ» մեդալով Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Արմեն Աշոտյան Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին 

«Հրանտ Դինք կամ 1 500 000 + 1»

Գիտություն և Մշակույթ

ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ,
ԽՄԲԱԳՐԱՊԵՏ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԵՎ ՍՊԱ
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԻՆ

Հ Ր Ա Ն Տ Դ Ի Ն Ք ԿԱՄ 1500000 + 1

/հոգեբանական պոեմ/

Քաոսն աշխարհի ամենահանճարեղ
օրինաչափությունն է…Է.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ա

Ես այն խաչն եմ կրում...խաչը,
Որի վրա խաչված ԱՍՏՎԱԾՈՐԴԻՆ
Իր խաչը կրեց աստվածորեն...
Անմահացավ աստվածակամ...
ՈՒ բնությունը հեծեծաց,
Արեգակը շառագունեց,
Երկիրը ցնցվեց, հողը ալեկոծվեց,
Օվկիանը փոթորկվեց,
Երկինքը պատառոտվեց,
Հույսը շանթվեց, հավատը ճնշվեց,
Սերը...փշրվեց...
Միտքը աղավաղվեց, լույսը բեկանվեց,
Հոգին համբարձվեց ու հեռացավ –
Տարրալուծվեց եթերին, անմահացավ...
Ինչպես անտես ու վիթխարի մի շանթարգել՝
Չարի դեմ ծառացավ...
Կարիքը՝ նախանձակուռ ու բոցավառ,
Ներծծվեց անէության խորության մեջ,
Չնկրկեց, ծածկեց իրեն
Հավերժության սավաններով,
Պատրաստվեց երկնելու...
Երկնող չարիք...

******

Ձեռքը, որ գլխին էր որոշակիության,
Հետ քաշվեց
Անկանոնականության հրեշավոր շնչից,
Անորոշակիությունը՝
Իշխանը բանսարկու,
Տիրեց մարդկանց, ախտահարեց երկիրը
Ու որպես աղբ՝ դեն կնետեր, եթե...
Եթե մսուրի մեջ ծնված Մարիամորդին
Չկայանար որպես...Աստվածորդի,
Խաչի վրա անիծեր իր ծնողին
Ու նրա մարդեղական ցեղին,
Հասարակությանը խելահեղ,
Որն ինչքան կրթվում,
Այնքան էլ հակակրթվում է տակավին...
Գերուս քաղաքակրթությանը,
Որ նվիրվելով թշնամանքին՝
Ընտրել է ճանապարհը կործանման,
Անիծեր
Արյունռուշտ այս մարդակերներին,
Որոնք եղծում են աշխարհը,
Պղծում ամեն գեղեցիկ...
Աստվա՛ծ, միթե...
ՔԱՈՍՆ ԱՇԽԱՐՀԻ
ԱՄԵՆԱՀԱՆՃԱՐԵՂ
ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆ Է...
Ու դա այդպե՛ս է...

*******

Տե՛ր իմ,
Ես՝ անհունությունից թռած աստղ,
Ճանապարհիս մեծ մասն անցած
Ու չհասած իմ նշանակետին,
Խփված,խփված եմ թիկունքից...
Բազում անգամ...
Խփված անընդհատ՝ որպես մարդ,
Հետո՝ որպես Ar - men՝ հայ,
Քանիցս խորտակված,
Իմ հողի մեջ մշտապես տրորված,
Հավասարված ոտնատրոր խիճերին,
Կործանվածս՝ ուղղակիորեն
Եվ անուղղակիորեն,
Շրջափակվածս՝ մշտականորեն,
Բանդվածս՝ հաճախակիորեն,
Ճնշվածս՝ դաժանորեն,
Ջախջախվածս՝ տառացիորեն,
Մերժվածս՝ կողմնակալիորեն,
Կարկտահարս՝ մշտականորեն,
Խաբվածս՝ անհուսալիորեն,
Ինքնաձաղկվածս՝ անընդհատելիորեն,
Հավատացյալս՝ մաքրորեն
Դեռ կա՛մ, դեռ ապրում եմ, թեև
Ինչքան ժողովուրդներ ու ազգություններ
Բնաջինջ եղան,
Կործանվեցին կամ ձուլվեցին...
Դեռ կա՛մ,
Քանզի գոյությունս ՍԿԶԲԻՑ Է,
ԻՄ ԱՆՈՒՆԸ ԿԱ
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԻՆ ՍԵՊԱԳՐԵՐՈՒՄ
ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԻՄ ԵՐԿԻՐԸ ԿԱ...
Միանշանակորեն ընդունում եմ,
Որ ժողովուրդները քաղաքակրթորեն
Կարող են լինել դրացի ու բարեկամ,
Ու դրա համար մեծ կամք պետք չէ,
Պետք է մեծ... սիրտ
Ու փոքր - ինչ զիջողականություն:
Բայց...

*******

...Բնականորեն արդեն համրորեն
Քայլում եմ
Իմ իսկ բազմազգ...թափորի հետևից
Ու զարմանում,
Որ նույնիսկ իմ լռությամբ
Կարծես ակամա խախտում եմ
Աշխարհայտնի «անդորրը»
Թուրք
Ազգայնամոլ պահպանողականության,
Պատմական՝ եղեռնապատ ու տմարդի
Հիշողությունների...
Քայլում
Ու Ձեր վարմունքին եմ հետեվում,
ՄԱՐԴԻ՛Կ,
Համրորեն ձայնագրում անլսելին,
Տեսագրում անտեսանելին՝
Սպասելով վարարումի,
Եվ տեսնում այն թափորում բազմազգ
Ինձ
Վերջին հանգրվան ճանապարհողների
Ու նաև... հասկանում,
Որ ժողովուրդներն ինքնաբերաբար
Թշնամի չեն դառնում...

*******

...Զարմանում եմ նաև, Տե՛ր իմ Աստված,
/Անկախ ազգային պատկանելիությունից/
Թիմարվածների հեզությունից,
Ապականվածների խրոխտությունից,
Նսեմացածների անդեմությունից,
Խայտառակվածների անդարձելիությունից,
Ապուշացվածների խառնակվածությունից,
Ապտակվածների անըմբոստությունից,
Չարքաշների հնազանդությունից,
Ցնորվածների անփառունակությունից,
Զայրանում, թե այս ու՞ր ենք հասել,
Ու թուլանում է սիրտս...
Պարպվում,
Հողին է հանձնվում մարմինս,
Բայց իմ ես-ը կա,
Մարդի՛կ, այն ձեզանով զորանում,
Միաձուլվում է
Ընդհանուրի ողջախոհ «ես»-ին,
Ու չարն ընկրկում է մեր առաջ...
Մեռնեմ զորությանդ, Աստվա՛ծ,
Մեռնեմ զորությանդ...

*******

...Ու ա՛ռ ետ, ա՛ռ ետ...
Քանզի արար աշխարհը քոնն է, Աստվա՛ծ,
Բայց Որդին քո դեռ խաչվա՞ծ... Տե՛ր,
Ասա՛,
Ինչպե՞ս կարելի էր Աստծուն խաչել...
Ուրեմն որևէ մահկանացու
Ունակ է Աստծուն դատել...
Եվ ավելին՝ խաչե՞լ...
Էլ ի՞նչ հոգ, որ թուրք ազգայնամոլը
Իշխանավորների,
Նորօրյա փարիսեցիների,
Դպիրների ու սադուկեցիների
Լուռ թողտվությամբ...Աստվա՛ծ,
Սպանեց մեզ...
Սպանելն ի՞նչ է սրանց համար,
Ոնց որ մի կում ջուր խմեն...
Ավելին, մորթազերծ էլ կանեն, կպայտեն
Ու կստիպեն վազել
Անապատի կիզիչ արևի տակ...
20-րդ դարասկի՛զբը հիշեցեք,
Երբ իր տան մեջ սրի քաշվեց
Մի ամբողջ ժողովուրդ...
Ու՞մ թողտվությամբ...
Աշխարհն այն փորձում էր մոռանալ
Ու մինչ օրս դեգերում,
Որ դուրս գրի իր տարեգրությունից,
Քանզի դանակը ոսկորին չէր հասել...
Հասավ...
Հասավ այդ նույն դարի 40-ականներին,
Հոլոքո՛ստը հիշեցեք...
Եկեք
Ողորմի՛ տանք բոլոր նահատակներին,
Ողորմի՛ տանք նրանց անմեղ հոգիներին,
Հազա՛ր ողորմի, Աստվա՛ծ,
Հազա՛ր ողորմի...

Բ

Անցողական է, Աստվա՛ծ,
Ամեն ինչ...իր ժամանակին,
Ամեն ինչ...ավարտվող արտաքնապես...
Ու...գոնե արժանավորապես,
Իսկ ներքինապե՞ս...
Ասա՛, Տե՛ր իմ, ո՞վ կարող է մերժել
Թելադրանքը հոգու,
Խո՛սքը, լեզու՛ն, մի՛տքը...
Հիշողությունն ու դառնությունը հոգու,
Ո՞վ կարող է ջնջել,
Մշտապես հեռացնել ու անջատել,
Քանդել... ավերակել...
Ամեն մարդ հաշվետու է
Իր խղճի առաջ... սակայն, Աստվա՛ծ,
Ինչպե՞ս հաշվարկել մեծությունը
Կամ փոքրոգությունը
Որևէ մեկի խղճի...
Գթասրտությունը մի ժողովրդի...
Երբ չեն գիտակցում...
Եղերական նախճիրը զազրելի:
Ինչպե՞ս չափանշել հոգին, երբ, Տե՛ր,
Մեկի մոտ այն անսահման է,
Մյուսի մոտ չափին է եղունգի...
Ինչպե՞ս տարաչափել կամ տարբերակել
Չարը բարուց, երբ
Նրանք երկուսն էլ մարդկանց մեջ կան
Ու միայն պահի տակ ի հայտ կգան...
Ի՞նչ է, դեմքի ժպիտը սոսկ
Չափանիշն է բարության,
Կամ անմեղ կատակը
Հատկանիշն է չարությա՞ն...
Կամ վատ հոգի ունեցողը չունի ժպի՞տ:
Ինչպե՞ս անջատել կարմիրը կապույտից,
Երբ...ծիածանում բոլոր գույները կան
Ու առանց մեկմեկու ծիածանը չկա...
Իմ ծաղկու՛ն ծիածան,
Ինչպե՞ս սևացար...
Հիսու՛ս, դու Աստվա՛ծ էիր, Աստվա՛ծ,
Ու Քեզ... խաչեցին,
Ես էլ հո աստված չէի,
Ինչու՞ սպանեցին:

*******

Սևավոր դեմքեր...
Օդում թևածող անորոշություն.
Եռուզեռ լալկան...կարեկցանք...շինծու
Ու դող մարմնակործան...
Այրված ու հանգած վերջակետ...
Օ՜հ, զորակամ ու ամեհի՛ Աստված,
Տու՛ր, տու՛ր ինձ... խոսք՝
Ո՛չ ողորմածին ու ո՛չ ներողամիտ,
Եվ...ո՛չ կորդացած վերքեր
Ու արտասուքի շիվար վարարմունք
Կամ խայթված,
Անսփոփ հուսալքություն...
Ես ինքս իմ մեջ հառնել եմ ուզում,
Տու՛ր ինձ հարության աննվաղ կերպար՝
Ո՛չ երկամիտ դաժան ու սպանիչ կքում...
Ո՛չ այլանդակության
Ու պարսավանքի խինդ,
Անաչա՛ռ Աստված, հավիտյա՛ն արդար...
Հեռու՛ ինձանից, բարությա՛ն փախուստ,
Վրիժառության ահավոր երազ...
Ես նորից, նորից ուզում եմ ծնվել,
Տենչում կամավոր ու մարդկային քայլ...
Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ,
Քո սուրբ օրհնությամբ՝ շո՛ղ արևածին...
Լու՛յս եմ աղաչում...
Հու՛յս տուր մեզ, Աստվա՛ծ...

*******

Ուշադիր նայել ե՞ք այրվող մոմին,
Նա նման է մեզ...
Որ իր իսկ կաթիլների ներքո
Թաղում երազներն անկատար, մաշվում է
Ու անզուսպ սիրահարի պես
Վազում... իր կրակի հետևից՝
Կորցրածը գուցե հետ բերելու,
Կամ վերգտնելու անհայտության մեջ,
Ուր ինքը... արդեն ինքը չէ,
Ոչ էլ կրակն է կրակ,
Բոլորովին այլ է կերպը,
Ու առաքելությունն այլ...
Թույլ շշուկ, սիրելի՛ս,
Ես այնտեղ՝ ճամփաբաժնում, կսպասեմ:
Ես այնքա՜ն, այնքա՜ն եմ սիրում Քեզ...
Ա՜խ,
Նախախնամության անվարան ձեռք...
Արմատից պոկած ծառը...ողջ է դեռ...

*******

Օտար, անամոթ մեղանչումի
Հետևանքներում՝
Ճանաչողությունը խարանող,
Ձեռքերում սարսափազդու եղեռնագործի,
21-րդ դարում դարձյա՞լ... զոհ,
Ասույթի հետագծում թողնելով
Հիշողության մեջ համակարգված
Ճամփան դատումի՝
Տանող...ոչ միայն գերեզմանոց,
Այլ նաև
Հրաշակաերտ գրապահոցը դարերի,
Որոնց ամեն մի վայրկյանում գրանցվել,
Պահվում են գանձեր՝ անհամար, անթիվ,
Ու նրանց կողքին... համր ֆիլմադարան՝
Լեցուն դեմքերով գարշաբարո
Ու հրեշածին,
Որոնց սերունդներն, ավա՜ղ,
Վերքերն են փորփրում Թորգոմատան...
Հայկազու՛ն իմ երկիր...
Խռովա՛ծ...իմ հոգի...
Ու...հոգու անձրևից դասալիք
Ստվերներ են ճոճվում...ջրերում,
Տե՛ր, ինչպե՞ս է կորած մի ալիք
Դեպի տուն ճանապարհ որոնում...

Ու հուշեր, կարոտներ հոշոտված,
Դաջվել են վիրավոր իմ սրտում...
Արնախում բորենին՝ հայտնված
Իմ լազուր ու լուրթ երկնքում...

*******

Ու՞ր եք, ու՞ր,
Թորգոմյան մեծ տա՛ն զավակներ,
Տղերք՝ Հայկ, Սանասար, Բաղդասար,
Մեծ ու Փոքր Մհեր, Դավիթ,
Դուք, որ երբեվէ
Որևէ ժողովուրդ չեք մորթել,
Կռվում
Ձեր ազնվականությունն եք բարձր պահել,
Թիկունքից չեք խփել...
Քնածի չեք կացնահարել...
Ու՞ր եք, ու՞ր...
Ձենով Օհանն ելավ քնից,
Փաթթեց քառսուն գոմշի կաշին,
Բոռաց.
-- Հացն ու գինին, տեր կենդանին,
Մարութա բա՛րձր Աստվածածին...
Մհե՞ր, լաո՛, թա՛փ քեզ էտու,
Ելի՛ր անհուշ Վանա քարից,
Հեծնե՛ քո հոր Քուռկիկ Ջալալին,
Զձեռդ ա՛ռ քո հոր Թուր Կեծակին,
Խաչ համբերանքն ի վեր քո աջ թևին,
Աշխարհ շատ է չարացե,
Ցորեն դարձած է քանց մասուր մի,
Կորեկ դարձած է քանց ընկույզ մի,
Հող քեզ կպահե իր վրա:
Սերու՛նդ տուր մեզ, զավակ ունեցիր,
Դավթի անեծք քանդվել է,
Աստծո օրհնությամբ
Ժառանգ կունենաս՝ որդի...
ԵԿԵԼ Է ԺԱՄԸ ՎԻՇԱՊԱՔԱՂԻ...

Գ

Աստվա՛ծ,
Իր վերջին ժամերը ապրող...
Մեղապարտի պես
Ծնկաչոք ու աղաչադեմ,
Քե՛զ ամենակարողիդ եմ դիմում,
Թեև հանցագործ չեմ...
Թեև վայրկյանների ու ժամերի
Ժամանակացույցի
Սլացքի մեջ բնականոն
Երբեք մեղսագործ չեմ եղել
Երբեք չեմ պատճառել ուրիշին
Վիշտ կամ ցավ...
Ապրել եմ արժանավայել...
Սևը չեմ դարձրել...սպիտակ,
Կամ հակառակը,
Այլ իմ ուժերի չափ կատարել եմ բարիք,
Հա՛յր իմ, քո մեծ,
Անհուն ողորմածությամբ:
Ու թե տրորել եմ մժղուկ,
Ոչ իմ կամքի բերումով անմեղ,
Այլ պատահականությամբ...
Ապրել եմ տեղին զղջում
Ու հարգի ափսոսանք...
Ձեռք եմ պարզել խորտակվածին,
Չեմ թողել անտերին անտեր,
Տե՛ր իմ Աստված, ամենա՛յն Հայր...
Եվ քիչ թե շատ փորձառու
Ու ոչ որպես միամիտ մանկիկ՝
Կրկին աղաչում եմ Մեծավորիդ,
Թագավո՛րդ իմ,
Լսիր աղաչանքս, խոսքս, ողորմա՛ծ Տեր,
Որ գտնվելով
Բարձունքներումդ թավշապատ,
Լազուր երկնքում հավերժական լույսի՝
Հեռահար, սրբազնագույն աչքերից քո
Դժվար թե վրիպի
ՆԱՎԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԻ...
Որ տե՛ս, անպակաս են
Հայուհու արտասվաթոր,
Գեղեցիկ աչքերից
Թախիծ ու դժբախտություն:
Իսկ ու՞ր մնաց բերկրանք,
Իսկ ու՞ր մնաց հավատք:
Որին ձգտելով
Դեպի Քեզ գան, Տե՛ր,
Միմյանց լափող ու հոշոտող
Ամբոխները ցնդած,
Որ բռնեն իրարու ձեռք,
Իրենց երեխայի նման
Հարևանի որբուկ երեխային գրկեն,
Գուրգուրեն ծնողի պես,
Նրա լուրթ աչքերի արտասուքը սրբեն...

*******

Տե՛ր ամենաստեղծ,
Մշտնջենակա՛ն Աստված ճշմարիտ,
Իմաստուն այնքան,
Որ շնորհներդ չեն տեղավորվում
Անծայրածիր տիեզերքի մեջ,
Թեկուզ
Աչքերիս բիբերը դառնան մի - մի արեգակ,
Արդ այնժամ նույնիսկ անկարող եմ
Քո մտքի անհուն չափերն ընկալել,
Անվայրափա՛կ Տեր,
Անպարագի՛ր այնքան,
Սակայն էությամբ ամենամոտիկ,
Անսահմանաճանաչ Հա՛յր օրենուսույց,
Քրիստո՛ս Որդի, Սու՛րբ Հոգի Աստված,
Գթա՛ փորձության ենթարկվածներիս
Ընդմիշտ տառապյալ
Կուրության
Ու կորստյան տանող ճանապարհներից,
Մեկընդմիշտ հոգնած
Իրականությունից գարշ,
Ատելությունից՝ սիրո փոխարեն,
Բարու տեղակ՝ աղտեղությունից,
Անտարբերությունից՝
Հետաքրքրասիրության տեղակ,
Ունայնությունից՝
Խոհականության տեղակ,
Անհավատությունից՝ խոկումի տեղակ,
Լրբությունից՝ առաքինության տեղակ,
Անմխիթարությունից՝
Ապավինության տեղակ,
Այս բոլորից միմիայն բխող
Անհանդուրժողականությունից՝
Համբերության տեղակ,
Փառամոլությունից՝
Համեստության տեղակ,
Անկումից՝ վերելքի տեղակ,
Թշնամանքից՝ բարեկամության տեղակ,
Ու... պատերազմից՝
Խաղաղության տեղակ...
Տե՛ր հարաշնորհ ու հարախորհուրդ,
Քեզ ու Քեզ միայն, միակ թարգմանչիդ
Կարող եմ հանձնել խնդրանքը հոգուս,
Ամեն մի գաղտնիք բացահայտելու
Ու վերծանելու... ունակիդ միակ,
Որ, չկամենալով ճանաչվել որպես
Միջամտության
Պատժող ու գերագույն օղակ,
Մնում ես ինքդ հար անբացահայտյալ,
Անհամապարփակ
Ու խորաթափա՛նց Հայր,
Տե՛ր անմասնատունակ,
Կրկին ընդունի՛ր տագնապներն հոգուս
Պաղատանքով լի
Ու մի՛ տար ժողովուրդներին
Նորանոր զոհողությունների...
Տու՛ր
Ապաշխարանքի ու հաշտության ուղի...

*******

Մխիթարիչ պայծառ ու գերագույն,
Հավերժ օրհնյա՛լ, բարեբանյա՛լ Տեր,
Ահարկու՛ Աստված ու անչափ զորե՛ղ,
Այնքան հզոր, որ կարող ես, Տե՛ր,
Վեց օրում ստեղծածդ...
Մեկ օրում քանդել,
Չթողնել քարը քարի վրա, բջիջը՝ բջջի,
Կամ... մի վայրկյանում
Գազի վերածել այն, ինչ որ պինդ է,
Ողջ տիեզերքից... սարքել մի բուռ նյութ
Ու այնքա՜ն - այնքա՜ն հեռու շպրտել,
Քեզանից հեռու՝
Ինչքան հեռու, որ ես կուզենայի
Մարդկության բոլոր մեղքերը նետել...
Սակայն թե կա կապ, կա և հետևանք,
Հետևանքները ու՞ր եմ նետելու -
Այն ինչ որ հազա՜ր - հազա՜ր ճյուղերով
Ամրագրված է մարդու մարմնի մեջ,
Այն, ինչ հոգումն է -
Ե՛վ չար է, և՛ բարի է, Տե՛ր,
Ե՛վ անպտուղ է, և՛ որ բար... ունի,
Ե՛վ գեղեցիկ է, և՛ անագորույն...
Երբեմն՝ առողջ, երբեմն՝ հիվանդ...
Երբեմն մեղավոր ու երբեմն՝ անմեղ,
Մի դեպքում... սայլ է, մի դեպքում՝ բեռ,
Մի դեպքում՝ ծույլ,
Մյուսում՝ աշխատասեր,
Մի դեպքում՝ հանճար, մյուսում՝ տգետ,
Երբեմն գառ է, երբեմն՝ գայլ...
Ե՛վ անգույն է, և՛... երբներանգ,
Երբեմն՝ հնչուն, երբեմն՝ անձայն...
Խավար է մութ ու... բարի լույս է:
Այսքան
Հակադրություններն ու՞ր տեղադրել,
Ասա՛, զորավո՛ր Տեր իմ, ի՛մ Աստված,
/Քանզի...
Երբեմն ծայրահեղ բարությունն էլ
Չարությունից վատ է ընդունվում.../
Երբ
Աշխարհն համայն շատ է փոքրանում...
Քանզի թե կա տակ, կա նաև վրա,
Քանզի թե կա մեջ, կան նաև կողքեր,
Թե հեշտ տրվողը, նաև՝ դժվարապեսը,
Թե հետո-ն, նաև՝ անմիջապեսը...
Որոնց անջատելն անհնար է
Երեվույթները
Ընդհանրականի մեջ դիտողի համար,
Ու այսօրինակ բնորոշիչին, Տե՛ր,
Անորոշությունն ու քաո՞սն են հարմար...

*******

Պայծառակերպ երկնային,
Աստվա՛ծ բարեբնույթ ու սե՛ր լուսահրաշ,
Կարեկի՛ց շնորհաշատ,
Կեցությու՛ն աշխարհաշեն,
Գոյասնող հյուսվածք,
Երանգներով...երկյուղածին
Հոգիս աստեղային առլեցուն քո լույսով,
Աղեղապիրկ նետի նման
Ձգտեց հասնելու
Ճաճանչներիդ հորդառատ,
Դեպի գիրկդ թռավ այն, Տե՛ր՝
Թողնելով հողի վրա
Մարմինս անտերունչ…
Ավելին գիտենալով,
Ավելի խստորեն խարազանելով... զիս,
Քանզի ավելին գիտենալով՝
Ավելի եմ անգետանում...
Ինքնաճանաչման պատերազմում
Դառնում եմ ավելի հաղթվող...
Հպարտությունս վայր եմ դրել, Տե՛ր,
Գիտությունս վերագրել անգիտության,
Քանզի տիեզերքն ունի
Մեկ Աստվածություն գերապատիվ
Ու իմաստություն՝
Բխող
Ցանկություններից քո բարեպաշտ,
Բարեհնար ու բարեհունչ:
Ես՝ ամենատկարս,
Ճշմարտություն փառաբանող,
Իմացականության
Իմ զգայարաններով սահմանապակ,
Մեղածունկ
Կհանդիպեմ քո դատաստանին
Մեկ տենչանքով՝
Շնչելու բույրն հավիտենականության
Թոթափելու շփոթություններս...
Ավելի մտամփոփ դառնալով՝
Ավելի հեռու եմ վանում...ես-ը՝ զորավոր,
Ես-ը՝ նախանձախնդիր, ես-ը՝ կործանող,
Ես-ը՝ եղկելի, ես-ը՝ քինախնդիր...
Ես-ը՝ անբավարարվող, ես-ը՝ մոլեռանդ,
Ես-ը՝ մեղսագործ,
Ես-ը՝ վտանգավոր ու եղծելի՝
Թողնելով միայն իմ մեջ...
Ես-ին ծառայակամ,
Որը հետամուտ չէ
Իր իսկ սեփական ես-ի որոնումին
Ու ավելի է ենթարկվելի...
Տե՛ր
Բարության ակունքները բացող
Ու տարածող,
Բազմաբյուր շնորհներով օժտող
Ու գովերգող,
Չարության ակնթարթը որսող ու սաստող,
Մարդկային հոգիները քննող
Ու վերլուծող,
Ճշմարտությանը սատարող
Ու պահպանող,
Պատմությունը կերտող ու գնահատող՝
ԳՈՐԾՈՂԴ՝ ԱՆԱՃԱՊԱՐԱՆՔ,
ՄՏԱԾՈՂԴ՝ ԱՆՆԱԽԱՊԱՇԱՐ,
ՎԵՀԱՅԵՑՈՂԴ՝ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ...
Ճաշակելով...
Փորձությունների դառը համը երկրային,
Արմատախիլ անելով
Մոլորություններս մասնեմաս՝
Զգացի, որ փորձություններն են մարդուն
Դեպի ինքնաճանաչման
Ներաշխարհը տանում,
Որ հակասություններն են մեզ մարզում
Ու զերծ պահում սնափառությունից
Որ փորձվողը ու տառապողը միայն
Աստվածությունդ կըմբռնի
Ավելի արժանավայել,
Քան անհոգի մի կղերական:

*******
Արարի՛չ մարդու ու բնության,
Անկախ ու երանելի ստեղծի՛չ՝
Երկնայի՛ն Հայր.
Դիմելով Քեզ՝ անօրինակ Մեծավորիդ,
Թոթափելով... ավելորդությունները
Ստացածս գիտության,
Մխրճվելով
Կենարար ավյունի հոսքերի մեջ՝
Հասա... ո՛վ հոգեկերպ տեսանելիություն,
Գործով՝
Բազմահունար, անթիվ կատարողիդ
Սահմանած եզրագծին,
Բայց վերացարկված էությամբ
Ու ոչ սակավ մտատանջությամբ...
Հավատքի մեջ խորին,
Հոգվույս հետ կապված
Արծաթաթելի ամրությունը
Բազմակի ստուգելով,
Միաձուլվելով քո երկնային
Ու զորավոր կամքին՝
Վերադարձա ծնունդ.
,
Որ նորից վերանայես...
Տեղինությունը արարումիդ,
Նորից երկնես
Հոգացավ Նախակարապետին՝
Հարթելու համար մուտքի ճամփան
Անմեղ մանկանց,
Որ ծննդյան իսկ օրից
Դաստիարակություն ստանալով
Սնող միջավայրից՝
Այլ բարքերի են նախաենթակա,
Որ իրենք իրենց հայտնաբերելով
Այս հիվանդ հասարակության կողմից
Ստեղծված օրենքների ուղեփակոցում՝
Կամա, թե ակամա,
Ենթաենթարկվածության
Թելադրանքի զոհ են դառնում,
Օ՜հ, բացարձակ իմաստություն...
Ուղուց շեղվելով...
Եվ արդ, դիմելով Քեզ, Տե՛ր,
Արդեն քանիերորդ անգամ,
Անվերջ ու անդադար՝
Իմաստասիրության տրամաբանությամբ
Փոքր - ինչ ոգեգոտված,
Փորձելով գտնել... ճանաչել Քեզ,
Եթերաճառա՛գ Տեր, քո իսկ արգասիքից,
Ոչ միայն
Մարդ - արարումը նկատի ունենալով,
Քանզի այն,
Հսկայածավալ երևացյալ
Ու աներևույթ անեզերքության
Արարման
Վսեմաշուք անչափելիության մեջ
Չի երևում նույնիսկ որպես...
Փոշեհատիկ,
Բայց մեղքի տարողականությամբ
Այնքան անչափելի նսեմ է,Տե՛ր,
Որ...սարսռում եմ ակամա
Մարդ - երեվույթի պատմության
ՏԳԵՂԱՅՈՒՅՆ որևէ էջ թերթելիս:
Ու զարհուրում, որ դատվելու պայմանով
Պիտի կանգնեմ նրանց շարքում -
Քո տարերքի ահագնության առաջ
Ու... սահմռկեցուցիչ դողով դողամ,
Ու հազար - հազար անգամ գոչեմ՝
Մեղա՜ ... Տեր, և՛ս և հա՛ր մեղա՜,
Թեև մեղքի հետ ենք ծնվել,
Թեև այն չենք էլ գիտակցել,
Թեև այն կար, երբ մենք չկայինք...

*******
Եթերասնուց,
Անսխալական ու բոլորի՛ Աստված,
Ամենքի...
Թեև ոչ ամենքն են Քեզ ընդունում,
Քանզի հավատացյալներից շատերը
Բարի հրեշտակներ չեն...
Քանզի ինչքան խորանում եմ
Կենսականության մեջ, այնքան էլ
Հայտնվում եմ նրա լուսանցքներում...
Ու քեզանով հիանում,
Քանզի բազմիցս ես Դու խորանում...
Քանզի ես՝ անմեղս,Աստվա՛ծ,
Անձի եսապաշտ էությունից
Դուրս եմ մխրճված
Ու... բանքիս բանալին
Քո ձեռքերում է փակ...
Թեև անհատիս դրոշմն ինքնատիպ է,
Եվ բանականությանս ակը՝ մաքուր,
Թեև ոճս՝ այլ, բայց խոսքս ազատ է:
Նաև երկնային ներշնչանքը վեհ
Ամենատուր չէ,
Ու ընթացքիս պարզությունը
Թույլատրեց ինձ կանգնել Քո դիմաց,
Աստվածային անարատության
Ու օրհնության առաջ...
ՄԱՔՐԵ՛Ք ՁԵԶ, ՄԱՐԴԻ՛Կ...

 

ք. Գյումրի

02.04.2007թ

Էդվարդ Ալեքսանյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երգչուհի Լիլուի տոնական ֆոտոշարքըԱՄՆ–ն Ուկրաինային առաջարկել է 15 տարվա անվտանգության երաշխիքներ2-ամյա աղջիկը խեղդվել է ջրով լի դույլի մեջԱՄՆ-ում ձեռնարկատերն աշխատակիցներին 240 միլիոն դոլարի պարգևավճար է բաժանելԱդրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը․ ԲայրամովԻրազեկում՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավինյանն այցելել է տարեցներին Լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը կարող է աճել մինչև 150-200 սմԴեկտեմբերի 29-ին և 30-ին լույս չի լինելու Խոշոր ավտովթար Սյունիքի մարզումԽցակից Արքեպիսկոպոսների շնորհավորական ուղերձը` Միքայել Սրբազանի ծննդյան օրվա առթիվ Չինական մեքենաների արտահանումը Ռուսաստան մեկ տարվա ընթացքում նվազել է 56 տոկոսովԲաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ2026 թվականի հունվարի սկիզբ. 4 կենդանակերպի նշաններ, որոնց սպասում է հաջողության ալիք Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Զելենսկին բացատրել է, թե ինչու է ցանկանում հանդիպել Թրամփի հետ մինչև Նոր տարիԽոշոր ավտովթարի ժամանակ «Shacman» բեռնատարը բախվել է ժայռին. կա վիրավոր Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ ՊԵԿ-ին հաջողվել է ապահովել հարկային եկամուտների կայուն և բարձր աճ․ ՊԵԿ նախագահՎիգեն Չալդրանյանը պարգևատրվեց «Մշակույթի ասպետ» մեդալով Ալեն Սիմոնյանը տոնական լուսանկար է հրապարակել Սուպեր Սաքոյի հետՀանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Արմեն ԱշոտյանՕդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Ադրբեջանից ներկրված բենզինի տեսքով ՀՀ քաղաքացիներին բաժանում են ընտրակաշառք․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Քննարկեցինք բողոքարկումները․ Փաշինյան (տեսանյութ)ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան Իրանն իր ջրային տարածքներում կալանավորել է օտարերկրյա լցանավ Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է Ջերմուկ, Չարենցավան և Հրազդան քաղաքներում ձյուն է տեղում Մակար Կիրակոսյանը՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավորՀրապարակվել է՝ քանի տրանսպորտային միջոց է գրանցված ՀայաստանումԲաքվի դատարանում ավարտվեց հայ գերիների կեղծ դատաքննությունըՏոնական եռուզեռն ու բարձր տրամադրությունը պետք է ուղեկցվեն անվտանգային պատասխանատվությամբ․ ՆԳՆ Ռուսաստանը 9 միլիարդ դոլար է հատկացրել Թուրքիային Հրաչ Մուրադյանի սուրբծննդյան ֆոտոշարքն՝ ընտանիքի հետՄարդիկ հասկանում են՝ ինչու է Դավիթ Համբարձումյանը կալանավորված. նրան լռեցնում են. Նորայր Հակոբյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը հրավիրվել է դատախազություն Վահե Հակոբյանին ու նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին հրավիրել են դատախազություն«Նուբարաշեն» ՔԿՀ-ում բացառիկ միջոցառում է տեղի ունեցել Խաչատուրյանը դատավորներ է նշանակել Ռուբեն Վարդանյանը «Եվրոմեդիա24»–ի կողմից արժանացել է «Մեծանուն հումանիստ» մրցանակի (տեսանյութ) 4 գործարար չմերժեցին խնդրանքս. մարզպետ Փաշինյանը գնում է դեպի ավտորիտարիզմ իշխանությունը պահելու համար. Հակոբ Բադալյան (տեսանյութ) Մահացել է ՀՅԴ-ական Մասիս Ալեքսանտրեանը Թուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրաՄակրոնը գիտի՝ ինչպես կազմակերպել զրույցը Պուտինի հետ․ԿԽՄԿ-ից այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին (տեսանյութ)Արմինե Գրիգորյանը՝ քննադատությունների, շոուբիզնեսի «աղտոտված» լինելու եւ Եկեղեցու մասին (տեսանյութ)ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է ԱՄՆ–ի հետ միջուկային հակամարտության ռիսկի մասինՎերին Լարսում բուք է
Ամենադիտված