Աժ-ում քննարկվել է ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը
Քաղաքական
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկեց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը: Հիմնական զեկուցող, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը նշեց, որ զեկույցի ստեղծման համար ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության խորհրդի 2006-2013 թթ. ընդունած բոլոր որոշումները, 270 վճռաբեկ բողոքները, որոնք վարույթ են ընդունվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից (2012-2013 թթ.): Ուսումնասիրվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 500 դիմումների ընթացքը (2011-2013 թթ.), 200 վճռաբեկ բողոքները եւ դրանց վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումները (2007-2013 թթ), փաստաբանների կողմից տրամադրված շուրջ 35 դատական գործեր: Ուսումնասիրվել են նաեւ Սահմանադրական դատարանի որոշումները եւ տարեկան հաղորդումները, Վճռաբեկ դատարանի տարեկան հաշվետվությունները, դատական համակարգին առնչվող օրինագծերը, միջազգային կազմակերպությունների զեկույցները, փորձագիտական կազմակերպությունների կարծիքներն ու եզրակացությունները: Զեկույցում օգտագործվել են նաեւ ՀՀ դատական դեպարտամենտի եւ Արդարադատության նախարարություն կողմից տրամադրված վիճակագրական տվյալներ: Տիկին Պետրոսյանը ներկայացրեց արդարադատության խորհրդում եւ վճռաբեկ դատարանում արձանագրված խախտումները եւ երկակի ստանդարտները, դատական համակարգի օրենսդրական խնդիրները:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն առաջարկեց արտահերթ զեկույցի կարեւոր դրույթները ներառել մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում, քանի որ արտահերթ զեկույցները ԱԺ նիստում չեն քննարկվում: Տիկին Պետրոսյանը համամիտ էր առաջարկին:
Զեկույցը հանձնաժողովում ընդունվեց ի գիտություն:
Հանձնաժողովը Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի առաջարկով հետաձգեց մինչեւ մեկ տարով:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաեւ հանձնաժողովի առաջիկա աշխատանքային գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ