Փաստաբանների պալատը սիրիահայերին անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի
Հասարակություն
ՀՀ փաստաբանների պալատը միանում է Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցության բազմաթիվ ծրագրերին: Պալատն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի, և ինչպես մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանը, ծրագիրը կիրականացվի երկու փուլով:
Առաջին փուլով Փաստաբանների պալատում իրականացվելու է սիրիահայերի իրավագիտության բարձրացմանն ուղղված անվճար իրավաբանական խորհրդատվություն: Երկրորդ փուլով սիրիահայերին հուզող հարցերի շրջանակը կամփոփվի արևելահայերեն ու արևմտահայերեն ձեռնարկում, որն անվճար կտարածվի սիրիահայերի շրջանում»,-ասաց նա:
Մեղրյանի խոսքով' փաստաբանների պալատը նախաձեռնությունը սկսելուց առաջ խորհրդատվություն է անցկացրել սիրիահայերի խնդիրներով զբաղվող կառույցների շրջանում: «Եթե կլինեն սիրիահայեր, ովքեր չեն կարողանա այցելել Փաստաբանների պալատ, մենք նրանց հարցերին կպատասխանենք օնլայն տարբերակով` Ֆեյսբուքում բացված էջի միջոցով»,- ասաց նա:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդականը նշեց, որ մինչ «Սիրիահայերին իրավական օգնության» փաստաբանական ծրագրի մեկնարկը, սիրիահայերը պալատ դիմել են ամենատարբեր խնդիրներով' սկսած վարորդական իրավունքը փոխելուց մինչեւ բնակարանի վարձակալություն: «Սիրիահայերի հետ կապված' մինչ հիմա բավական մեծ աշխատանք է կատարվել: Այս ծրագիրը որպես լրացում է այդ ամենին»,-հավելեց բանախոսը:
2011 թվականի մարտից ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակից ելնելով' Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 11 հազար սիրիահայ: Հայաստանում մասամբ լուծվել են նրանց զբաղվածության, կեցության, կրթության հարցերը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ