Սոչիում տեղի կունենա XXII ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը
Սպորտ
Այսօր Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում խորհրդանշական ժամին՝ Երևանի ժամանակով 20:14-ին, կսկսվի 2014 թվականի XXII ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Դրոշաձողի վրա կբարձրացվի սպիտակ պաստառը՝ հինգ գույնզգուն օղակներով, որոնք խորհրդանշում են ամբողջ աշխարհի մարզիկների միասնացումը, իսկ թասի մեջ կբոցավառվի Օլիմպիական կրակը: Փոխանցավազքի 123 օրվա ընթացքում այն հասցրել է հաղթահարել ավելի քան 65 հազար կիլոմետր, կրակը տարել է 14 հազար ջահակիր:
Կրակը Բայկալում իջել է ջրի տակ, եղել է Հյուսիսային բևեռում, Էլբրուսի գագաթին, այն տարել են ավտոմոբիլներով. գնացքներով, ինքնաթիռներով, ռուսական եռաձի կառքով, եղջերուների լծասարքերով: Ջահը եղել է նաև Միջազգային տիեզերակայանում և երկու անգամ դուրս է եկել բաց տիեզերք:
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սոչիի Օլիմպիադայի առաջին ռեկորդն արդեն գրանցվել է. դրան կմասնակցի 88 թիմ: Նման ցուցանիշ Ձմեռային օլիմպիադաները դեռ չեն գրանցել: Սոչիում առաջին մասնակցությունն են բերում այնպիսի «ոչ ձմեռային» երկրներ, ինչպիսիք են Արևելյան Թիմորը, Դոմինիկան, Զիմբաբվեն, Մալթան, Պարագվայը, Տոգոն և Տոնգան:
Սոչիում Խաղերի բացման արարողությանը, բացի մարզասերներից ու մարզիկներից, ներկա կլինեն նաև պաշտոնատար անձինք, որոնցից շատերն զբաղեցնում են բարձրագույն պետական պաշտոններ: Ինչպես հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Սոչիում պատրաստվում են ընդունել տարբեր երկրների մինչև 60 ղեկավարների, միայն բացման արարողության ժամանակ նրանց թիվը կլինի 44:
Սոչիի Օլիմպիական խաղերում կխաղարկվի 15 մարզաձևի մեդալների 98 լրակազմ: Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ