Հայ խաղաղապահներն առաջիկայում առաքելություն կիրականացնեն Քաբուլի ռազմակայանում
Հասարակություն
Հայկական խաղաղապահ ուժերն առաքելություն կիրականացնեն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ռազմավանում: Ինչպես «Արմեպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, Մազարի Շարիֆ տարածաշրջանի ռազմակայաններից մեկի փոխարեն հայ խաղաղապահներն առաքելությունը կշարունակեն Քաբուլում: «Նախատեսվում է Մազարի Շարիֆի Քեմփ Մայք Սփան ռազմակայանը մարտին հանձնել աֆղաններին, ու այդ գործընթացներից հետո 56 խաղաղապահներ առաքելություն կիրականացնեն Քաբուլի ռազմավաններից մեկում»,-ասաց Արթուր Սիմոնյանը' նշելով, որ հայ խաղաղապահները կապահովեն ռազմակայանի անվտանգությունը:
2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները, հետագայում զորախումբն ընդլայնվել է և գործուղվել նաև Մազարի Շարիֆ: Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 3-4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցնում Գերմանիայում:
Հայ խաղաղապահներն առաքելություն են իրականացնում նաև Կոսովոյում, իսկ ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում են բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ խնդիրների շուրջ: 2012 թվականից Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է ՀՀ ԶՈւ մեկ սպա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ