Պետությունը պարտադիր կուտակումները չի ուղղի ավելացող կենսաթոշակառուների թոշակների վճարմանը
Քաղաքական
Կենսաթոշակի համար պարտադիր կուտակումները նախատեսված չեն առաջիկայում ավելացող կենսաթոշակառուների թոշակները վճարելու համար: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: «Այո, առաջիկայում մեր երկրում թոշակառուների թվի ավելացում է սպասվում, սակայն կուտակային կենսաթոշակների մասին օրենքը ոչ մի կապ չունի այս խնդրի հետ: Մենք մեր քաղաքացիներին չենք ասում, որ ձեզանից գումար ենք պահում ձեր ծնողների թոշակը վճարելու համար, այլ ասում ենք, որ այդ գումարները պահում ենք հետագայում ձեր թոշակները վճարելու համար»,-նշեց Հակոբյանը:
Նրա խոսքով' կենսաթոշակները հնարավոր կլիներ բարձրացնել նաև հարկերը բարձրացնելու հաշվին, ինչը պետությունը նպատակահարմար չի համարել է և ընտրել է պարտադիր կուտակային տարբերակը:
Հարցին, թե հնարավոր չէր թոշակները բարձրացնել նոր աշխատատեղեր ստեղծելու հաշվին, Հակոբյանը պատասխանեց, որ այսօր Հայաստանում մեկ թոշակառուին բաժին է ընկնում մեկ աշխատող, ուստի, այդ տարբերակի վրա առայժմ պետք չէ հույս դնել: «Այդ տարբերակն արդյունավետ կգործեր այն դեպքում, երբ մեկ թոշակառուին բաժին հասներ 3՝ նվազագույնը 2.5 աշխատող: Իսկ այսօրվա արտագաղթի և վատ ծնելիության պայմաններում մենք առաջիկա տարիների համար չենք կարող հույսը դնել այս հարաբերակցության բարձրացման վրա»,- նշեց պատգամավորը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 2014թ.-ի հունվարի 1-ից: Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի երրորդ մասի գործողությունը, որոնք, մասնավորապես, գործատուներին թույլ էին տալիս մինչև մարտի 28-ն իրենց աշխատողների հաշիվներին չփոխանցել պարտադիր կենսաթոշակային վճարները: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը կքննարկի մարտի 28-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ