ԼՂՀ վարչապետը համայնքապետերին հորդորել է ակտիվ լինել առկա գյուղատնտեսական պոտենցիալն օգտագործելու ուղղությամբ
Արցախ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ' փետրվարի 13-ին, հանդիպել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների մասնակիցների հետ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը նրանց ներկայացրել է տնտեսության ներկայիս վիճակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները: Գերխնդիրը, կառավարության ղեկավարի խոսքով, երկրի անվտանգությունն է, որը, ինչպես նաև ժողովրդագրական վիճակը, պայմանավորված են տնտեսության զարգացմամբ: Արա Հարությունյանը նշել է վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված թե տնտեսական, թե ժողովրդագրական աճի որոշ ձեռքբերումներ:
Առկա խնդիրներից վարչապետն առանձնացրել է համայնքային նշանակության հարցերը, մասնավորապես, անդրադարձել է երիտասարդներին արտագնա աշխատանքից հետ պահելու, համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացման անհրաժեշտ քայլերին: Արա Հարությունյանը գյուղապետերին կոչ է արել լինել նախաձեռնող և ակտիվություն ցուցաբերել տեղերում առկա գյուղատնտեսական պոտենցիալը լրիվ օգտագործելու ուղղությամբ:
Համայնքների ղեկավարներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ վարչապետից պարզաբանումներ են ստացել:
Հանդիպման ավարտին Արա Հարությունյանը կարևորել է նրանց համար կազմակերպվող սեմինարները' գիտելիքների ամրապնդման, օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան