Սամվել Նիկոյանը պարտադիր կուտակային համակարգի և հարկ հավաքելու մեջ որևէ կապ չի տեսնում
Քաղաքական
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առավելություններն ու դրական կողմերը հաճախ անտեսվում են, մինչդեռ դրանք առկա են: Պետությունը քաղաքացու հետ միասին է ձևավորում կենսաթոշակը, այն հնարավոր է ժառանգել, իսկ որոշ դեպքերում` նաև վերցնել: ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Սամվել Նիկոյանի գնահատմամբ` նոր համակարգի նպատակը արժանապատիվ և բարեկեցիկ ապագա ստեղծելն է: «Ձեր կարծիքով ինչո՞ւ է կառավարությունն այս ոչ «պոպուլյար» քայլին գնացել և հավաքում բացասական բոնուսներ: Նպատակը մեկն է, որ հասարակությունը հետագայում լավ ապրի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սամվել Նիկոյանը:
Նիկոյանի խոսքերով' օրենքի և մասնավորապես պարտադիր բաղադրիչի դեմ բողոքողների մի մասը հավատ չունի, որ 30 տարի անց իր գումարը կստանա: Նա դա բնական է համարում, քանի որ այսօրվա սերունդը տեսել է սարսափելի կատակլիզմներ, հիշում է ԽՍՀՄ փլուզումն ու ռուբլու արժեզրկումը: Բողոքողների դժգոհությունն արդարացված կլիներ, եթե այդ գումարները միջազգային հեղինակավոր հիմնադրամներում պահվելու փոխարեն անցնեին ՀՀ բյուջե և պետությունը դրանք տնօրիներ: «Սակայն այդ գումարները բյուջե չեն մնում, սա որևէ առնչություն չունի հարկ հավաքելու հետ: Դրանք պահվելու են բարձր վարկանիշ ունեցող հիմնադրամներում, և պետությունը չի տնօրինելու դրանք»,-ասաց Նիկոյանը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը, որոնք, ազատում են պատիժներից, եթե գործատուները մինչև մարտի 28-ն իրենց աշխատողների աշխատավարձից չեն կատարում պարտադիր պահումները: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը կքննի մարտի 28-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ