Եվրոպական ներդրումային բանկն Ուկրաինայում չի աշխատի այնքան, «քանի դեռ չի դադարեցվի արյունալի բռնությունը»
Հասարակություն
Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոերը հայտարարել է Ուկրաինայում իր գլխավորած բանկի գործունեության դադարեցման մասին: «Այսօրվա դրությամբ մենք դադարեցրել ենք մեր գործունեությունը, քանի որ պետք է սպասել, հետևել Ուկրաինայի քաղաքական և տնտեսական զարգացման իրավիճակին»,-Բրյուսելում հրավիրված ասուլիսում հայտարարել է Հոերը:
Նրա խոսքով` Եվրոպական ներդրումային բանկն Ուկրաինայում չի աշխատի այնքան, «քանի դեռ չի դադարեցվի արյունալի բռնությունը»: «Իմ տեսանկյունից, ճիշտ չի լինի շարունակել աշխատանքն այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, երբ Կիևի փողոցներում սպանում են մարդկանց»,- «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ` գտնում է Եվրոպական ներդրումային բանկի նախագահը:
Ի դեպ, փետրվարի 20-ին Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանելու Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարը: Կիևում փողոցային լայնամասշտաբ գործողությունները վերականգնվել են փետրվարի 18-ին` Գերագույն Ռադայի նիստի օրը, որում ընդդիմությունը պահանջել է վերականգնել խորհրդարանա-նախագահական կառավարման համակարգը, ինչպես նաև 2004 թվականի սահմանադրությունը: Իրավապահների և ցուցարարների բախման հետևանքով զոհվել է 26 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ