Գերագույն ռադան Ալեքսանդր Տուրչինովին օժտել է Ուկրաինայի օրենքներն ստորագրելու լիազորություններով
Աշխարհ
Գերագույն ռադան խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին օժտել է Ուկրաինայի օրենքներն ստորագրելու լիազորություններով: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 316 պատգամավոր: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Ավելի վաղ որոշման նախագիծը քննարկման էր ներկայացրել Գերագույն ռադայի փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին:
Ինչպես հայտնել է Տուրչինովը, փետրվարի 27-ին Գերագույն ռադայում պետք է ձևակերպվի կոալիցիան և ձևավորվի նոր կառավարությունը: «Հինգշաբթի օրը մեզ անհրաժեշտ կլինի որոշում ընդունել նախարարների կաբինետի կազմի վերաբերյալ»,-ասել է խոսնակը:
2004 թվականի Սահմանադրության համաձայն` որին վերադարձել է Ուկրաինան, կառավարություն է կազմում խորհրդարանական մեծամասնությունը: «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինայի կառավարության կազմում պետք է ընդգրկվեն Անկախության հրապարակում բողոքավորների ներկայացուցիչները: «Նոր կառավարության կազմում պետք է լինեն այն մարդիկ, ովքեր ասոցացվում են հաղթանակի հետ, որոնց շնորհիվ մենք կարող ենք կառուցել նոր երկիր»,-ասել է Յացենյուկը և հավելել. «նախարարների նոր կաբինետի ձևավորման շուրջ կուլիսային ոչ մի կոնսուլտացիա չի լինի»:
Ավելի վաղ Մայդանի ակտիվիստները ձևակերպել են ժողովրդական վստահության կառավարության անդամների ընտրության չափանիշները: Ըստ այդ չափանիշների՝ նոր կառավարության անդամներ չեն կարող լինել Ուկրաինայի հարյուր ամենահարուստ մարդկանց ցուցակի մասնակիցները և գործադիր իշխանության մարմինների ղեկավարները, ինչպես նաև նախագահի վարչակազմի աշխատողները, որոնք այդ պաշտոններն զբաղեցրել են 2010 թվականի սկզբից:
Մյուս պահանջների թվում են՝ ճյուղում աշխատանքի առնվազն 7 տարվա փորձը, բացառությամբ ներքին գործերի նախարարության, Ուկրաինայի անվտանգության խորհրդի, պաշտպանության նախարարության, ղեկավար պաշտոններում առնվազն 5 տարվա աշխատանքի փորձը և մարդու իրավունքների խախտումներին մեղսակից չլինելը, ինչպես նաև կոռուպցիոն գործունեության մասին տեղեկատվության բացակայությունը:
«Մենք այս չափանիշներով կստուգենք յուրաքանչյուր կոնկրետ թեկնածուի, որին կառաջարկի նոր խորհրդարանական մեծամասնությունը: Կառավարության յուրաքանչյուր անդամ պետք է ստանա Մայդանի հավանությունը»,- ընդգծված է ժողովրդական վստահության խմբի հայտարարության մեջ:
Ինչպես լրագրողներին պարզաբանել է ժողովրդական վստահության խմբի քարտուղարության ներկայացուցիչ Վալերի Պեկարը, այնտեղ ներկայացված են Մայդանի հանգուցային կազմակերությունները, որոնք առավել հզորներն են, հայտնիներն ու հեղինակավորները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ