Քեթրին էշթոնը մարտի 3-ին վերստին կայցելի Կիև
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին էշթոնը մարտի 3-ին կուղևորվի Կիև, տեղեկացնում է Էշթոնի մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում կքննարկվի ԵՄ-ի քաղաքական ու տնտեսական աջակցությունն Ուկրաինային, հանդիպումներ կանցկացվեն իշխանության ձևավորվող կառույցների ղեկավարների հետ:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ ֆինանսական և արժութային հարցերով եվրահանձնակատար Օլլի Ռենը նշանակվել է միջազգային ինստիտուտների, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի, և Եվրամիության մեջ չմտնող երկրների հետ ԵՄ-ի փոխգործակցության համակարգող՝ Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Դա է եղել Եվրահանձնաժողովի փետրվարի 26-ին կայացած ընդլայնված կոլեգիայի գլխավոր արդյունքը, որը հրավիրվել էր Քեթրին Էշթոնի նախաձեռնությամբ:
Մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ էշթոնը հայտնել է, որ Բրյուսելի նիստին, մասնավորապես, մասնակցել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն, ԵՄ-ի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը, ինչպես նաև տնտեսական բլոկի բոլոր հանգուցային եվրահանձնակատարները կամ նրանց տեղակալները:
Քեթրին Էշթոնն այդ հանդիպմանը հայտարարել է, որ Եվրամիությունը «պետք է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական աջակցություն ցուցաբերի Ուկրաինային»: Նա նաև հայտնել է, որ հենց այդ նպատակով է մարտի 3-ին մեկնելու Կիև, որտեղ հանդիպումներ կանցկացնի իշխանության ձևավորվող նոր կառույցների ղեկավարների հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ