Ղրիմի հայկական համայնքը ներգրավված չէ բողոքի ակցիաներին և պահպանում է չեզոք դիրքորոշում
Աշխարհ
Ղրիմի հայկական համայնքը տեղի ունեցող իրադարաձություններին ներգրավված չէ և պահպանում է չեզոք դիրքորոշում: Ղրիմահայոց ընկերության նախագահի տեղակալ և «Մասյաց Աղավնի» թերթի գլխավոր խմբագիր Վահան Վերմիշյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ չի բացառում, որ «մեկ-երկու հոգի գուցե մասնակցեն բողոքի ակցիաներին», սակայն համայնքը կողմերից որևէ մեկին սատարելու նպատակ չունի «և դիրքորոշումը մեկն է, որպեսզի Ղրիմում և ամբողջ Ուկրաինայում հաստատվի խաղաղություն ու վերջ տրվի արյունահեղությանը:
Անդրադառնալով Ղրիմում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, Վերմիշյանն ասաց, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված: «Անհայտ անձինք կարողացել են գրավել Ղրիմի Գերագույն խորհրդի և նախարարների կաբինետի շենքը: Այս պահին նրանց հետ աշխատում են վարել բանակցություններ, որոնք դեռևս ապարդյուն են: Քաղաքի կենտրոնական հատվածը, որտեղ գտնվում են վերոնշյալ երկու շենքերը, ոստիկանությունը փակել է և մարդիկ չեն կարող մոտենալ այդ հատվածին: Իրավապահ մարմինները չեն բացառում, որ մարդիկ զինված են»,- ասաց Վերմիշյանը' հավելելով, որ ժամ առ ժամ իրավիճակն ավելի է լարվում:
Ըստ պաշտոնական տվյալների' Ղրիմում ապրում է 9 հազար հայ, ոչ պաշտոնական տվյալներով' նրանց թիվը մի քանի անգամ շատ է: Ղրիմում գործում է հայագիտության կենտրոն, եկեղեցի, դպրոցներ ու մշակույթի տուն:
Փետրվարի 27-ի առավոտյան տեղի է ունեցել Ղրիմի Գերագույն խորհրդի և նախարարների կաբինետի ուժային զավթում: Խորհրդարանի շենքում գտնվում է շուրջ 60 մարդ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ