Սունդուկյանի դերասանական գունապնակը պակասեց ևս մեկով. կյանքից հեռացել է Հեղինե Հովհաննիսյանը
Հասարակություն
Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը: Դերասանուհու մահվան կապակցությամբ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության և քարտուղարության ու իր անունից ցավակցությունն է հայտնել միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: «Խոր վիշտ եմ հայտնում ազգային բեմարվեստի երևելի անհատականություններից մեկի՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ավագագույն դերասանուհի Հեղինե Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ»,- նշել է Ղազանչյանը, ում գնահատմամբ' կյանքից հեռացել է աճեմյանական փառահեղ «Նամուսի» վերջին մոհիկաններից մեկը ևս, ազնվագույն ու ազնվակենցաղ մարդը, հրաշալի դերասանուհին:
Հեղինե Հովհաննիսյանը կամ, ինչպես նրան դիմում էին գործընկերները, Ելենա Սերգեևնան, ծնվել էր 1926թ. օգոստոսի 4-ին Երևանում: Ռեժիսոր Մարատ Մարինոսյանի կինն էր: 1948թ. ավարտել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1968թ-ից դասավանդում էր նույն ինստիտուտում, պրոֆեսոր էր: 1948թ-ից խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: Լավագույն թատերական դերերից են' Գոներիլ' Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա' Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա' Չեխովի «Բալենու այգին», Լիզա' Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա' Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել էր կինոյում' «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն:
Մասնակցել ռադիո և հեռուստաբեմադրությունների: 1961թ. արժանացել էր ՀԽՍՀ վաստակավոր, 1984թ.' ժողովրդական արտիստի կոչմանը: 2002թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ