Կապանի Կավարտ թաղամասում տեղի է ունեցել նոր սողանք
Արտակարգ Պատահար
Կապան քաղաքի ծայրամասային Կավարտ թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում մարտի 4-ին, ժամը 10.33-ին տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ նախնական տվյալներով ավելի քան 1500 խոր. մետր հողազանգված տեղաշարժվել է, որից 300 խոր. մետրը լցվել է ավտոճանապարհի մոտ 6մ լայնությամբ և 25 մ երկարությամբ հատվածը և այն դարձրել միակողմանի երթևեկելի:
Ըստ բաժնի պետի` դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Սողանքի հետևանքները վերացնելու, ճանապարհը երկկողմանի երթևեկելի դարձնելու համար Կապանի քաղաքապետարանն արդեն միջոցներ է ձեռնարկում: Ճանապարհը հողազանգվածից մաքրելու աշխատանքներում կոմունալ ծառայությանն աջակցելու համար քաղաքապետարանը օգնության է դիմել տնտեսավարող սուբյեկտներին՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ներին, «Նորոգշին» և «Ճանշին» ընկերություններին:
Կապանում առաջացած սողանքի տարածքը համարվում է սողանքային գոտի: Մասնագետների կարծիքով, նոր սողանքը, նախնական տվյալներով, առաջացել է ջրմուղի մաշված խողովակաշարերից արտահոսած ջրերի պատճառով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ