Ուկրաինայում ընթացող իրադարձություններն ինքնաբուխ չեն. փորձագետ
Աշխարհ
Ուկրաինայում բավականին բարդ իրավիճակ է, մի քանի շեշտադրումներ պետք է կատարենք: Վիկտոր Յանուկովիչն այս պահին դե յուրե օրինականորեն ընտրված նախագահ է և շարունակում է մնալ նախագահ, որովհետև նրան նախագահական ընտրություններում ձայն է տվել 17 մլն ընտրող: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն` անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
Արմեն Բադալյանի խոսքով` Յանուկովիչի դեմ տեղի ունեցած գործողությունները, որի արդյունքում նա հեռացավ Ուկրաինայից, օրինական չէին:
«Ըստ որոշ մեկնաբանների` դա հեղափոխություն էր, մյուսների կարծիքով` դա պետական հեղաշրջում էր: Այսօր Ուկրաինայում միակ օրինական մարմինը Գերագույն ռադան է և վարչապետ Յացենյուկը: Դեռևս իհարկե մարտի 25-ի նախագահական ընտրություններից հետո նորից հարց կբարձրացվի օրինականության վերաբերյալ և այնտեղ տեղի կունենան ընտրություններ: Այսինքն` դեռևս իշխանությունը Կիևում ձևավորված չէ և լիարժեք օրինական չէ: Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդն իրավունք ունի իրեն տրված լիազորությունների սահմաններում կառավարությունը փոխել, ինչը նա իրականացրել է նախկին վարչապետ Անատոլի Մագիլյովին հեռացնելով պաշտոնից և իշխանության բերելով Ակսյոնովին, ով այնտեղ կուսակցության ղեկավարներից մեկն է և նա Ղրիմի օրինական վարչապետն է»,-ասաց Բադալյանը:
Ըստ փորձագետի` շատերն են խոսում, որ Ռուսաստանն ագրեսիա պետք է իրականացնի Ղրիմի նկատմամբ: Ըստ իս` Վլադիմիր Պուտինի երեկվա հարցազրույցից պարզ դարձավ, որ ոչ մի ագրեսիա բացարձակ չկա և, փաստորեն, Ուկրաինայում դեռևս իրադարձությունները վերջնական լուծում չեն ստանա:
Արմեն Բադալյանի կարծիքով` սա շատ լավ իրականացվող քաղաքական պռոյեկտ է. «Սկսված նոյեմբերի 22-ից մինչև Յանուկովիչի հեռանալը և մինչ օրս էլ ընթացող իրադարձությունները, որոնք գեոպոլիտիկ կենտրոնների պռոյեկտ են, իրենց հարցերն են լուծում: Մի բան պարզ է, որ այս ամեն ինչը ինքնաբուխ չէ, Ուկրաինայում ամեն ինչ սև և սպիտակ չէ. այնտեղ բազմերանգ քաղաքական գործընթաց է տեղի ունենում»,-եզրափակեց Բադալյանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու