Եթե դժգոհ լինենք մեր նախարարների աշխատանքից, նրանց ետ կկանչենք. ՕԵԿ խոսնակ
Քաղաքական
Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ նախօրեին ՕԵԿ քաղխորհրդի անդամների և Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել: Երբ Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավորներին խնդրել է գնահատական տալ ՕԵԿ նախարարների կատարած աշխատանքներին, պատգամավորները միաբերան փնովել են նախարարներին՝ դժգոհելով, թե իրենց հետ լավ չեն աշխատում:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը հերքեց մամուլում տարածված լուրերը` նշելով, որ դրանք պարզապես հերյուրանքներ են: Վերջինս նշեց, որ ՕԵԿ-ում լարված մթնոլորտ չկա և երբևէ չի եղել:
«Իհարկե, շատ մարդիկ կցանկանային, որ ՕԵԿ-ում լարված մթնոլորտ լիներ, բայց ի հեճուկս նրանց, ՕԵԿ-ում հիմա առողջ, բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում»,-ասաց նա:
Հարցին, թե նիստի ընթացքում գնահատական տրվե՞լ է նախարարների աշխատանքին, ՕԵԿ խոսնակն ասաց. «Ո′չ: Քաղաքական գնահատական տալիս է ՕԵԿ քաղխորհուրդը, եթե լիներ այդպիսին, ապա կլիներ պաշտոնական հայտարարություն, գնահատական, և եթե ստացվեր այնպես, որ ՕԵԿ-ը դժգոհ լիներ իր նախարարներից, բնականաբար, մենք ետ կկանչենք նրանց:
Մենք մեր պրակտիկայում նման շատ դեպքեր ենք ունեցել, երբ ետ ենք կանչել մեր նախարարներին` դժգոհ լինելով աշխատանքից: Այսինքն` այս պարագայում ոչինչ չի խանգարի մեզ. եթե դժգոհ լինենք նախարարների աշխատանքից, նրանց ետ կկանչենք»:
Միսակյանը նշեց նաև, որ ԱԻՆ-ն աշխատում է գերազանց, և դա նաև մեծապես Արմեն Երիցյանի աշխատանքի արդյունքն է: Ըստ ՕԵԿ խոսնակի` այսօր թե′ գյուղատնտեսության ոլորտում, և թե′ քաղաքաշինության ոլորտում, բազմաթիվ առաջընթացներ կան. «Այսինքն` ՕԵԿ-ը չի կարող դժգոհ լինել»,-եզրափակեց նա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու