Հովիկ Աբրահամյանը սպառնաց ֆերմերին ու ջղայնացավ. «Քեզ կոռեկտ պահի». lragir.am
Քաղաքական
Ազգային ժողովում գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ այսօրվա լսումներին մասնակցում են նաև այն ֆերմները, ովքեր տուժել են կառավարության սերմնաբուծության ծրագրից: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի երկար ելույթից հետո, որն ընդհատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նախարարին հորդորեց արագ խոսել, ֆերմերները ներկայացրեցին իրենց դժգոհությունները:
Ըստ lragir.am-ի` լսումները վերածվեցին թեժ բանավեճի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սպառնաց Արարատի մարզի ֆերմերներից Ռաֆիկ Պողոսյանին:
Նախ ֆերմերներից մեկը հայտարարեց, որ 2011-2012 թվականներին օգտվել է կառավարության սերմարտադրության ծրագրից, բայց հիմա վարկի տակ է: «Քսան հեկտար ցորեն եմ ցանել, իմ նման 107 հոգի բերք չեն ստացել: Անկախ հանձնաժողովն եկավ, ասեց՝ եղանակն անբարենպաստ է եղել, կարող ա նաև սերմերի ոչ ճիշտ ընտրության հարց լինի: Հիմա մեզ դատի են տվել, 107 հոգի դատի տակ են, եղածը կալանքի տակ ա: Ո՞նց եղավ, որ 107 հոգու դատի են տալիս, նախարարն ասում ա՝ ծրագիրը լավն ա»,- բորբոքված ասաց ֆերմերը:
Գյուղնախարարը շտապեց հայտարարեց, որ իրենք ծրագիրն արդյունավետ են համարում, քանի որ բարձր արդյունքներ են արձանագրել: Այս հայտարարությունը հարուցեց ֆերմերների զայրույթը:
«Պարոն Կարապետյան, դուք հարցը հասկացա՞ք»,- ճշտեց ԱԺ նախագահը:
Սերգո Կարապետյանը սկսեց արդարանալ, թե ստեղծված վիճակի համար գոյւղացիներն են մեղավոր՝ ագրոտեխնիկայի պայմանները խախտել են, բնակլիմայական պայմանները վատ են եղել, ցանքի ժամկետներն են խախտվել:
«Նույն սերմից իրա հարևանը լավ բերք է ստացել, պարոն Աբրահամյան: Ով լավ մշակում է, բերք ստանում է, ով չի մշակել, չի ստանում»,- հայտարարեց նախարարը:
Արարատի մարզի ֆերմերներից Ռաֆիկ Պողոսյանը, ով այս ծրագրի շահառուներից է, ցույց տվեց թղթերը և հայտարարեց, որ իրենք անորակ սերմացուի հարցով դատը շահել են, գյուղատնտեսության նախարարը ճիշտ չի ասում:
«Իրենք գրում են, որ ֆորս մաժոր նախատեսված չէ, պետք է տաք մեր սերմացուն: Պարոն նախարարն էստեղ սուտ է ասում, սերմերի մասին օրենքը խախտել է: Այսօր նամակ ենք ստանում, որ Վերաքննիչ բողոք են տարել: Ասում են՝ ցորենը մենք լավ չմշակեցինք, բա Վարդենիսում, Գյումրիում, Սիսիանում: Նկարները կան, ամեն ինչը կա, սերմերն են վատ: Վաշխառությամբ են զբաղվում, մեկը երկուսի հարաբերակցությամբ պայմանագիր են կապում մեր հետ»,- վրդովված ասաց Ռաֆիկ Պողոսյանը:
Ֆերմերի խոսքերը զայրացրին ԱԺ նախագահին, ով սպառնաց Ռաֆիկ Պողոսյանին, նա բարկացավ: «Քեզ կոռեկտ պահի, լսի, օրենքը խախտելն ուրիշ բան է, սուտ ասելն ուրիշ բան: Հլա մի հատ մոտիկ արի, ասեմ, ինչի՞ ես բորբոքվում: Ես քո կենսագրությունը գիտե՞ս, որ գիտեմ, մի հատ քեզ հանգիստ պահի: Լսի ինչ եմ ասում՝ Կարապետյան Սերգոն ի՞նչ անի, հո իրա գրպանից չի տալու էդ փողը, պետությունը պիտի տա: Կարո՞ղ ա Կարապետյան Սերգոն ու Աբրահամյան Հովիկն ուզում են, որ դու բերք չունենաս: Ինչի՞ պտի պաշտոնյան ուզի ժողովրդին վատություն անի: Ինչի՞ եք ժամանակին ստորագրել էդ պայմանագրիը, չստորագրեիք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու