Կառավարության աշխատակազմի ղեկավարը բնապահպան-ակտիվիստներին հրավիրեց երկխոսելու
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստ է ընդունել բնապահպան ակտիվիստներին և հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներին, եթե նրանք ցանկություն ունեն իրենց օրակարգը լսելի դարձնել կառավարությանը: Այդ մասին մարտի 25-ին հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող երկօրյա միջազգային համաժողովում՝ ակտիվիստների ակցիայից հետո: «Վարչապետը պատրաստ է այսօրևեթ ձեզ ընդունելու: Խնդրում եմ ձևավորել խումբ, որին մենք կընդունենք Հայաստանի Հանրապետության կառավարությունում, և օրակարգը պատրաստ ենք մանրամասնորեն քննարկել»,-ասաց Գաբրիելյանը:
Բնապահպանների մի խումբ մարտի 25-ին ներխուժել է «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող երկօրյա միջազգային համաժողովի դահլիճ և սկսել կոչեր հնչեցնել ու հարցեր տալ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Շուրջ 10 րոպե տևած աղմուկ-աղաղակից հետո բնապահպանները հանդարտվել են և պաստառներով շարվել դահլիճում՝ պարբերաբար ընդմիջելով ելույթ ունեցողներին:
Համաժողովի աջակիցներն են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ, Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանություններն ու Կանադայի կառավարությունը:
Համաժողովին մասնակցում են միջազգային և տեղական փորձագետներ, դիվանագիտական կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու