Բարեգործական համերգից ստացված հասույթը կփոխանցվի քեսաբահայերին
Հասարակություն
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ամբողջ հասույթը կուղղվի քեսաբահայության օգնությանը: Բարեգործական համերգը կազմակերպել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Համերգին իրենց մասնակցությունն են ցուցաբերել պետական և մասնավոր բուհերի ուսանողներ, ուսանողական և երիտասարդական տարբեր կառույցներ, հասարակական կազմակերպություններ, որոնք մինչ համերգը հավաքված գումարները կփոխանցեն քեսաբահայերին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր ելույթում նշեց, որ բացի շնորհակալական խոսքերից, այլ բան չունի ասելու: «Մենք նման ծրագիր փաստացի առաջին անգամ ենք իրականացնում, երբ համախմբում ենք երիտասարդներին, ովքեր իրենց նվիրատվությամբ օգնում են մեր հայրենակիցներին»,-ասաց Ավագյանը:
Պատգամավորը հավելեց, որ իր ձևաչափով այս միջոցառումը բացառիկ է, քանի որ, առաջին հերթին, քաղաքական որևէ շեշտադրում չկա: «Դրա առհավատչյան այն է, որ միջոցառմանը միացել են բազմաթիվ ուսանողական կառույցներ, ՀՀԿ տարածքային կազմակերպությունները և հասարակական կազմակերպությունները»,-ասաց նա:
Դիմելով միջոցառման մասնակիցներին՝ Կարեն Ավագյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությունը հենց երիտասարդներինն է, քանի որ նրանք բազմիցս դիմել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը հարցադրումներով, թե ինչպես կարելի է օգնել Քեսաբի հայությանը: «Փաստացի, սա այն ձևաչափն է, որը համարվում է իրական օգնություն»,-պարզաբանեց Ավագյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ հավաքվել է 5 միլիոն դրամ գումար' վստահություն հայտնելով, որ շատ երիտասարդներ հնարավորություն կունենան մասնակցել հանգանակությանը: Ավագյանը երիտասարդներին շնորհակալություն հայտնեց՝ ընգդծելով, որ նման հարցերի շուրջ համախմբումը շնորհակալ գործ է:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու