Ֆրանսիայում հրապարակվել է երկրի նոր կառավարության կազմը
Աշխարհ
Ֆրանսիայի նոր կառավարության կազմում կլինի 16 նախարար: Կաբինետը, որի կազմը հայտարարվել է Ելիսեյան պալատի կողմից, ամենափոքրաթիվներից մեկն է երկրի հետպատերազմյան պատմության մեջ: Մանուել Վալսի նոր կաբինետում ֆրանսիական դիվանագիտության ղեկավարի պաշտոնը պահպանել է Լորան Ֆաբիուսը: Նա նշանակվել է Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար:
Ամենակարևոր նորություններից մեկը դարձել է Սեգոլեն Ռուայալի՝ երկար տարիներ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդի կյանքի ուղեկցի վերադարձն ակտիվ քաղաքական գործունեության: Նա նոր կառավարությունում գլխավորել է Բնապահպանության, Կայուն զարգացման և Էներգետիկայի նախարարությունը: Սա այսուհետև խոշորագույն գերատեսչություններից մեկն է:
Իր պաշտոնը պահպանել է նաև պաշտպանության նախարար Ժան Իվ լե Դրիանը:
Բյուջեի հարցերով նախկին նախարար Բեռնար Կազնյովը, որը Ֆրանսուա Օլանդի մերձավորներից մեկն է, նշանակվել է Ներքին գործերի նախարարության ղեկավար, որն ավելի վաղ ղեկավարում էր նորանշանակ վարչապետ Մանուել Վալսը:
Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել տնտեսական բլոկում. կառավարության նոր կազմում ֆինանսների նախարար է դարձել Միշել Սապենը, ովավելի վաղ գլխավորում էր աշխատանքի նախարարությունը: Առնո Մոնտեգուրը, ով կառավարության նախորդ կազմում արտադրության վերելքի նախարարն էր, նոր կառավարությունում դարձել է Էկոնոմիկայի նախարար:
Նախկին վարչապետ Ժան Մարկ Էյրոյի պաշտոնաթողությունը և Մանուել Վալսի գլխավորությամբ նոր կառավարության ձևավորումը հաջորդել են մարտի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում սոցիալիստների կրած պարտությանը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու