«Վիքիպեդիայի» հայերեն հոդվածները համակարգման կարիք ունեն. փորձագետ
Հասարակություն
«Վիքիպեդիայում» հայերեն հոդվածներն իրենց թվով առաջատարների թվում են: Այս մասին «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի ընթացքում ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ««Վիքիպեդիայում» հայալեզու նյութերը շատ են, սակայն դրանք համակարգված չեն լիարժեք գիտելիք տրամադրելու համար»,- ասաց նա:
Մարտիրոսյանն ընդգծեց, որ «Վիքիպեդիայում» ամենահամակարգվածը անգլերեն և ռուսերեն հոդվածներն են: «Այս լեզուներով հոդվածներն առավել համակարգված են և կարող են լիարժեք գիտելիքներ տրամադրել»,- ասաց փորձագետը:
Անդրադառնալով «Վիքիպեդիայի» առանձնահատկություններին՝ Մարտիրոսյանն ընդգծեց, որ այսօր աշխարհում դեռևս կարևոր է՝ անձը դիպլոմ ունի, թե ոչ, սակայն «Վիքիպեդիայի» համար դա կարևոր չէ: «Այստեղ կարևոր չէ՝ դու կրթություն ունես, թե ոչ, գիտնական ես, թե ոչ: Կարևորը, որ դու կարողանաս նյութեր տեղադրել, իսկ մյուսներն էլ լրացնում են քո գրածը»,- ասաց նա:
Ծաղկաձորում մեկնարկել է «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովը՝ նախատեսված հիմնականում լրագրողների համար: Համաժողովի ընթացքում կքննարկվեն կրթական, հոգևոր-հայրենասիրական և այլ բնագավառներում գոյություն ունեցող այն հիմնախնդիրները, որոնք հրատապ են և հուզում են երիտասարդներին: Անդրադարձ կկատարվի նաև հետևյալ հարցերին. արդյոք երիտասարդական հիմնախնդիրները պատշաճ կերպով ներկայացվո՞ւմ են սոցիալական ցանցերում, ի՞նչ անելիքներ կան այս ոլորտում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու