«Ժառանգությունը» «եռյակի» ղեկավարներին հրավիրում է հանդիպման
Քաղաքական
«Ժառանգությունն» Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների հետագա համագործակցության անհրաժեշտ պայման է համարում կուսակցությունների' «Ժառանգության», ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ղեկավարների հանդիպումը: Այս մասին նշված է «Ժառանգություն» խմբակցության տրամադրած հայտարարության մեջ: «Ժառանգություն» կուսակցությունը մշտապես եղել է քաղաքական և քաղաքացիական ուժերի համախմբման ջատագովը՝ հստակ գիտակցելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր փոխել մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակը: Եվ այդ նպատակով էլ մենք դարձանք խորհրդարանական չորս ուժերի համագործակցության նախաձեռնողներից մեկը: Ու թեև մշտապես հայտարարել ենք և այժմ էլ գտնում ենք, որ երկրում անհրաժեշտ է համակարգային և ամբողջական իշխանափոխություն, սակայն տվյալ քաղաքական իրավիճակում չորս քաղաքական ուժերիս կողմից միասնական համաձայնեցված քաղաքական օրակարգ դարձավ, որպես փուլային և մարտավարական քայլ, կառավարության հրաժարականի պահանջը: Գտնում ենք, որ այժմ առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրակարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության և համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ: Այդ հանդիպումը մենք դիտում ենք խորհրդարանական չորս խմբակցությունների մաս կազմող ուժերի հետագա համագործակցության անհրաժեշտ պայման»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:
Ապրիլի 4-ին ոչ իշխանական չորս ուժերի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպում ունեցան «Ժառանգություն» խմբակցությունում, որի ժամանակ քննարկեցին հետագա անելիքները: Նմանատիպ հանդիպումներ առաջիկայում ևս նախատեսվում են, քանի որ ուժերը համաձայնության են եկել շարունակել միասնական գործողությունները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու