Իսպանիայի խորհրդարանը մերժել է Կատալոնիայի ինքնիշխանության շուրջ հարցում անցկացնելու մարզի առաջարկը
ԱՐԽԻՎ
Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, մերժել է Կատալոնիայի ինքնիշխանության շուրջ հարցում անցկացնելու ինքնավար մարզի առաջարկը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
350 պատգամավորներից 299-ը դեմ են արտահայտվել այդ առաջարկին, քանի որ այն, ինչպես հայտարարել է Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյ Բրեյը, «խախտում է Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ Իսպանիայի ինքնիշխանությունը պատկանում է նրա բոլոր քաղաքացիներին, այլ ոչ թե միայն մի մասին»:
Այս տեսակետը պաշտպանել է Իսպանիայի ընդդիմադիր սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Ալֆրեդո Պերես Ռուբալկաբան, որը միևնույն ժամանակ կոչ է արել «Սահմանադրության մեջ կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան առավելագույնս հաշվի առնել ինքնավար մարզերի շահերը»:
Իսպանիայի խորհրդարանում Կատալոնիան ներկայացնող 48 պատգամավորներից 26-ը դեմ են քվեարկել անկախության շուրջ ինքնուրույն հանրաքվե անցկացնելու ինքնավար մարզի իրավունքին:
Խորհրդարանական լսումներին չի մասնակցել Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը, ով Բարսելոնում հայտարարել է, որ «Իսպանիայի խորհրդարանի որոշումը համաձայնության հասնելու կորսված հնարավորություն է», և որ «այն չի կանգնեցնի Կատալոնիայի ինքնիշխանության շուրջ նոյեմբերի 9-ին նախատեսված հարցման նախապատրաստումը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)