ՍԴՀԿ ատենապետը քառյակի նախաձեռնությունն անվանեց աթոռակռիվ
Քաղաքական
Ոչ իշխանական 4 ուժերի համագործակցությունն ու քաղաքական նախաձեռնությունները Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը մեկ բառով անվանում է աթոռակռիվ: Նրա գնահատմամբ' գոյություն չունի ոչ իշխանական ուժ հասկացությունը. քաղաքական ուժերը լինում են ընդդիմադիր կամ իշխանամետ, երրորդ տարբերակ չկա: Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նարեկ Գալստյանը նշեց, որ չորս ուժերից 3-ը տարբեր ժամանակահատվածներում եղել են իշխանության մաս կամ ղեկավարել են Հայաստանը: «Հասարակությունը հիշում է նրանց կառավարման տարիները, որոնք շատ ավելի լավը չէին, քան հիմա»,- ասաց Գալստյանը' հավելելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը որևէ առնչություն չունի կուսակցությունների' կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության հետ: Նարեկ Գալստյանի գնահատմամբ` թեպետ քառյակի թիրախում վարչապետն էր, սակայն Տիգրան Սարգսյանը սեփական դիմումի համաձայն է հեռացել պաշտոնից:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը' Գալստյանն ասաց, որ չի հավատում է ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին: «Ես չեմ հավատում եմ, որ կուսակցությունը, որ սպասարկում է խոշոր գործարարի շահերը, կարող է լինել ընդդիմություն, դեմ դուրս գալ իշխանություններին և վտանգել իր կապիտալը»,-ասաց Գալստյանը' հավելելով, որ մնացած ուժերի ցանկությունն էլ ոչ թե երկրում համակարգային փոփոխություններն են, այլ որոշ անձանց դեմ ուղղորդված պայքարը: Ըստ ՍԴՀԿ ատենապետի, միայն «Ժառանգություն» կուսակցությունն է, որ մտել է քառյակի մեջ, «քանի որ անելու բան չունի, չի կարողանում կուսակցության ներսում հարցերը լուծել և եթե նախաձեռնության մեջ չմտներ' կհայտնվեր քաղաքական լուսանցքում»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու