Էրդողանի հայտարարությունն իր մեջ որևէ դրական միտում չէր պարունակում. Գագիկ Մինասյան
Քաղաքական
Թուրքիայի վարչապետ Էրդողանի' Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուղերձն իր մեջ դրական որևէ միտում չէր պարունակում: Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Ավելին, այդ ուղերձում փորձ էր արվում զոհին և դահճին մի հարթակում ներկայացնել, ինչպես նաև դարասկզբին տեղի ունեցած ցեղասպանությունը ներկայացնել որպես պատերազմի տարիներին բնակչության նկատմամբ կիրառված բռնություն»,- նշեց Մինասյանն՝ ընդգծելով, որ այդ ուղերձն իր բովանդակությամբ Թուրքիայի ժխտողական քաղաքականության շարունակությունն էր:
Պատգամավորը տեղին չի համարում նաև ԱՄՆ պետքարտուղարության և ԵՄ-ի արձագանքը Էրդողանի ուղերձին, որոնք այն դրական են գնահատել: Նրա խոսքով` ուղերձը, որպես այդպիսին, նորություն էր, քանի որ Ցեղասպանության տարելիցի նախօրեին թուրքական իշխանությունների կողմից առաջին անգամ է նման ուղերձ եղել, սակայն իր բովանդակությամբ այն ոչնչով չի տարբերվում Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունից:
Անդրադառնալով Ցեղասպանության վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին՝ Գագիկ Մինասյանը նշեց, թե Նախագահն այդ ուղերձում հստակ ներկայացրել է, որ թուրքական կողմի խոսքերը մեզ համար նշանակություն չունեն և անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել: «Այդ գործնական քայլերն են սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սակայն իր ուղերձից հետո Թուրքիայի վարչապետը նաև նշել էր, որ Հայաստանի հետ սահմանները կբացվեն միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումից հետո»,- նշեց Մինասյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու