Չիվա գյուղի կորած բնակչի դին գտան ականապատ տարածքում
Արտակարգ Պատահար
Վայոց Ձորի մարզի Չիվա գյուղի' ապրիլի 25-ին աշխատանքի գնացած և չվերադարձած բնակիչ 54-ամյա Վաչագան Պողոսյանի դին գտել են ականապատ տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Չիվայի գյուղապետ Նաիրի Սարգսյանը: «Նրան հայտնաբերեցին չեզոք գոտում: Գյուղացիները չգիտեին, որ տարածքն ակ անապատ է, երբեմն գյուղացիներն անասնապահական աշխատանքների ժամանակ կամ կանաչեղեն հավաքելիս մոտենում են այդ տարածքին: Հավանաբար, նա այնտեղ հայտնվել է մոլորվելու հետեւանքով»,-ասաց Սարգսյանը: Սակրավորներն ու փրկարարներն արդեն դուրս են բերել գյուղացու դին:
Վաչագան Պողոսյանը պայթել է ականի վրա, նրա ձախ ոտքի ծնկից ներքեւ հատվածն ամբողջովին վնասվել է: 54-ամյա բնակիչն ապրում էր կնոջ, հարսի եւ թոռան հետ, ով կրում է պապիկի անունը: Տղան արտագնա աշխատանքի է մեկնել, աղջիկն ամուսնացած է: Կատարվածը գյուղի տարածքում առաջին նման դեպքն է:
Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական էջը հայտնել էր, որ Հայաստանի փրկարարները ապրիլի 26-ին վերսկսել են Չիվայի բնակչի որոնումները: Ապրիլի 25-ին' ժամը 21.16-ին, տեղեկություն էր ստացվել, որ Չիվա գյուղի բնակիչ՝ 1960թ. ծնված Վ. Պ.-ը գնացել է դաշտ՝ աշխատանքի և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով: Ապրիլի 26-ին ժամը 09.10-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու