Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան Աշխատանքի օրը նշեց խաղաղ երթով
Հասարակություն
Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան խաղաղ երթ անցկացրեցին՝ նվիրված Աշխատանքի միջազգային օրվան: Երթը մեկնարկեց Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկից, որտեղից մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:
«Արժանապատիվ աշխատանք-արժանապատիվ աշխատավարձ», «Մայիսի 1-ը աշխատանքի օրն է», «Թեթև արդյունաբերությանը ծանր մոտեցում», «Միացեք արհմիություններին» կոչերով և պաստառներով, երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան փողոցով շարժվեցին դեպի Շահումյան հրապարակ: Երթն ավարտվեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի շենքի մոտ՝ Վազգեն Սարգսյան փողոցում:
Հայաստանում և աշխարհի ավելի քան 140 երկրներում մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի օրը կամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Այն պատմության մեջ մտել է 1886 թվականից: Այդ ժամանակ էր, երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց' պահանջելով սահմանել 8 ժամանոց աշխատանքային օր: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության հետ բախումով ու արյունահեղությամբ: 1889 թ-ին Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել, երթեր ու հանրահավաքներ անցկացնել: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի շարք այլ երկրներում: Դրանից հետո տարբեր պետություններ սկսեցին այդ օրը ներառել իրենց տոնացույցերում և բազմապիսի միջոցառումներ կազմակերպել' ամենատարբեր մասշտաբներով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու