Ֆինանսների նախարարը խորհուրդ տվեց իրեն «սուպերնախարար» անվանելիս չշտապել (տեսանյութ)
Քաղաքական
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը խորհուրդ է տալիս չշտապել Ֆինանսների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի միացումը քննադատելու հարցում և սպասել իրական արդյունքներին։ Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով իր հասցեին հնչող այն մեկնաբանություններին, որ նա դարձել է «սուպերնախարար» և ղեկավարելու է «սուպերնախարարություն», Ֆինանսների նախարարը պատասխանեց, որ աշխարհում ընդունված է այդ երկու գերատեսչությունների միացումը։ «Աշխարհի 30-35 երկրներում նման փորձ կա։ Որ մի քիչ համբերություն ունենաք, կտեսնեք՝ այս միությունից պետությունը շահեց, թե տուժեց»,- ասաց նա։ Նախարարը խորհուրդ տվեց համբերություն ունենալ և թեմային հնչեղություն հաղորդելու համար տարատեսակ հոդվածներ չտպագրել։
Խոսելով այն մասին, որ գերատեսչությունների միացումը կարող է ավելացնել կոռուպցիոն ռիսկերը՝ Ֆինանսների նախարարը շեշտեց, որ Հայաստանում պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ բիզնեսի բնագավառում կարևոր լինի ոչ թե անձը, այլ նրա վարքագիծը։ «Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են։ Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ հետաքրքիր չլինի, թե բիզնեսով ով է զբաղվում, այլ հարկերը վճարել նորմալ և աշխատել»,-ասաց նա։
Իր անձի շուրջ լրագրողների հետաքրքրասիրությունը բավարարելու համար նա առաջարկեց նրանց մի քանի աշխատանքային օր անցկացնել գերատեսչությունում։ «Եկե՛ք և տեսե՛ք, թե քանի թիկնապահ ունեմ ես, թիկնապահները հարվածում են աշխատողներին, թե ոչ, գումար պահանջում են, թե ոչ»,-ասաց նա' արձագանքելով մայիսի 6-ին լրատվամիջոցներում տարածված մի նամակի, որով մի անձ պատմում էր' իբր Գագիկ Խաչատրյանի թիկնապահները հարվածել են նախարարության երկու աշխատակցի, բացի դրանից, գումար են պահանջել պաշտոնյաներից' նրանց աշխատանից չհեռացնելու դիմաց։
Տեսանյութը՝ A1plus.am-ի:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու