«Դեմ եմ»-ի անդամները ներկայացնում են իրենց պահանջները. Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ նրանց գործողություններն անօրինական են
Հասարակություն
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտից մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության` պարտադիր կուտակային կենսաթոշակներին նվիրված երթը:
Երթի մասնակիցները Աբովյան փողոցից թեքվեցին Թումանյան փողոց, այնուհետև Տերյան փողոցով անցան Սայաթ-Նովա փողոց: Երթի ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը մասնակիցներին հորդորեց չկանգնել և չխանգարել երթևեկությանը:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները նշեցին, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև չկատարվեն իրենց բոլոր պահանջները: Երթն այնքան էլ մարդաշատ չէ, սակայն ճանապարհին նոր մասնակիցներ են միանում:
Այս պահին երթի մասնակիցները Ֆրանսիական հրապարակում են: Նրանք նստել են հրապարակում և ներկայացնում են իրենց պահանջները: Նրանք պահանջում են հանել պարտադիր բաղադրիչը էլեկտրոնային հաշվետվությունների ձևից, հնարավորություն տալ կուտակային վճարները կատարել ցանկացող քաղաքացիներին դիմում գրել և շարունակել վճարել, իսկ նրանցից, ովքեր չեն ցանկանում մասնակցել համակարգին, չգանձել գումարները:
Ոստիկանությունը կրկին անգամ կոչ արեց մասնակիցներին չխանգարել հասարակական կարգը, ինչին ի պատասխան՝ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նշեց, որ իրենք չեն խանգարում երթևեկությանը և հասարակական կարգ չեն խախտում ու շարունակեն նստած մնալ Ֆրանսիական հրապարակում այնքան, որքան կցանկանան:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով երթի մասնակիցներին տեղեկացրեց, որ նրանց գործողություններն անօրինական են՝ պահանջելով ավարտել ակցիան և լքել տարածքը, սակայն ակցիայի մասնակիցներն այս պահին անդրդվելի են:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու