Վերնիսաժի կրակոցներից վիրավորված քաղաքացիներից երկուսի վիճակը միջին ծանրության է
Արտակարգ Պատահար
Երևանի կենտրոնում` Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների արդյունքում վիրավորված 5 քաղաքացիներից 4-ի մոտ վնասվածքները եղել են հրազենային, իսկ 64 տարեկան Ալբինա Բադալյանի մոտ հայտնաբերվել է սրունքի կոտրվածք, որը կարող էր առաջանալ փախչելու ընթացքում։ Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Թիվ 1 Համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը, հրազենից վիրավորվածներից երկուսի վիրահատությունն արդեն ավարտվել է, և նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ «Մյուս երկուսի վիրահատությունը դեռ շարունակվում է, և նրանց մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն վիրահատության ավարտից հետո»,- ասաց Սահակյանը։ Նա չտեղեկացրեց, թե տուժողներից որոնց վիրահատությունն է արդեն ավարտվել և որոնց վիրահատությունն է շարունակվում։
Սակայն 72-ամյա Մնացական Սուքիասյանի հարազատներից հնարավոր եղավ պարզել, որ նրա վիրահատությունն արդեն ավարտվել է։ Ինչպես հիվանդանոցում գտնվող «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց տուժողի կինը, վիրահատվել է նրա ոտքը։ «Նա շատ արյուն է կորցրել, և բժիշկները ստիպված են եղել նաև արյան փոխներարկում անել։ Վնասվել է ոտքի գլխավոր երակը»,- տեղեկացրեց Մնացական Սուքիասյանի կինը։
Երևանի կենտրոնում' Վերնիսաժի մոտ, մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված անձանցից ամենաերիտասարդը 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանն է, իսկ ամենատարեցը` 72-ամյա Մնացական Սուքիասյանը: Նրանց թվում 64 տարեկան Ալբինա Բադալյանն է, ում վնասվածքն ամենաթեևն է: Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը 30 տարեկան են:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու