Ադրբեջանի իշխանությունը թաքցնում է աղքատության և գործազրկության իրական մակարդակը երկրում. ադրբեջանցի փորձագետ
Ադրբեջան
Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սելիմ Մուսլիմովը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչության, միջազգային կազմակերպությունների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ Բաքվում անցկացված կոնֆերանսում հայտարարել էր, որ վերջին 10 տարում Ադրբեջանում 1 մլն 200 հազարից ավելի աշխատատեղ է ստեղծվել, գործազրկության մակարդակը 10,6 տոկոսից նվազել է 5,0 տոկոսի, աղքատության մակարդակն էլ 44,7 տոկոսից իջել է 5,3 տոկոսի:
Սակայն, ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Գուբադ Իբադօղլուն հայտարարել է, որ իշխանությունները հանրությունից թաքցնում են աղքատության և գործազրկության իրական մակարդակը' դրանով փորձելով ստեղծել սոցիալապես և տնտեսապես զարգացած երկրի կերպար:
«Ազադլըգի» հետ զրույցում Գուբադ Իբադօղլուն ասել է, որ նման թվերի ստույգությունը ցույց տալու համար ադրբեջանական կառավարությունը պետք է 4-5 հազար տնային տնտեսություններում հարցումներ անցկացներ, ինչը չի արվել:
«Նման ցուցանիշներ հայտարարելով' Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է ցույց տալ, որ իր գործունեության շրջանում զարգացում է գրանցվել: Աղքատության և գործազրկության իրական ցուցանիշները խիստ տարբերվում են պաշտոնական վիճակագրությունից: Ադրբեջանում ընտանիքի բյուջեի մեծ մասը ծախսվում է մթերքի' սնունդ հայթայթելու վրա: Եթե ԱՄՆ-ում մի ընտանիքի ծախսերի 35 տոկոսից ավելին սննդի վրա է ծախսվում, այդ ընտանիքն ավտոմատ կերպով համարվում է աղքատ»,- նշել է նա:
Փորձագետը նշում է, որ նման չափանիշով գնահատելու դեպքում Ադրբեջանում բնակչության կեսից ավելին աղքատ կհամարվի:
Գուբադ Իբադօղլուն ասել է, որ նախարարի կողմից նշված աշխատատեղերի մեծ մասը ժամանակավոր բնույթ է կրում, աղքատության և գործազրկության մակարդակը նվազելու տեղեկությունները, որոնք իրականությունից շատ հեռու են, քաղաքական տեղեկություններ են, և այդ ամենը իշխանության սեփական տնտեսական նպատակների համար տարվող քաղաքականության դրական արդյունքները հաստատելու ցանկություն է միայն:
«Դրանով նրանք ցանկանում են ցույց տալ, որ իրենց վարած քաղաքականությունը դրական արդյունքներ է տվել: Սակայն իրականությունն ամբողջությամբ այլ է»,- նշել է փորձագետը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու