Ոստիկանությունը ծնողներին հորդորում է «Վերջին զանգի» օրն անչափահասներին հետ պահել անխոհեմ քայլերից
Այլ
«Վերջին զանգի» հանդիսությունների կապակցությամբ ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչներն արդեն իսկ այցելել են դպրոցներ, զրուցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, բացատրել հատկապես տոնական օրը հասարակական կարգն ու երթևեկության կանոնները խստագույնս պահպանելու, արկածախնդիր արարքներից զերծ մնալու անհրաժեշտությունը, որպեսզի տոնը չմթագնվի որևէ ան ցանկալի միջադեպով:
Ոստիկանությունը կրկին կոչ է անում տոնի տերերին՝ երեխաներին՝ ձեռնպահ մնալ մեքենա վարելուց, հասարակական վայրերում պահպանել համակեցության ու բարեկրթության կանոնները, ոգելից խմիչքներ չօգտագործել, հարգալից լինել միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, կատարել ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:
Ոստիկանությունը ծնողներին հորդորում է տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին' կոչ անելով, որ հարկ եղած դեպքում մեքենան իրենք վարեն, ուսուցիչների հետ ընկերակցեն նրանց զանգվածային միջոցառումների ժամանակ, իրենց ներկայությամբ հետ պահեն անխոհեմ քայլերից, իսկ անհրաժեշտության դեպքում' դիմեն պարեկող ոստիկանների օգնությանը:
Մայիսի 23-ի առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «Վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ, արվելու է առավելագույնը հասարակական կարգն ու մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար:
Ոստիկանությունը շնորհավորում է շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում բարի ճանապարհ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու