Քառյակը դեմ կքվեարկի կառավարության 2013թ. բյուջեի կատարողականին
Քաղաքական
ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակը դեմ կքվեարկի կառավարության 2013 թ. բյուջեի կատարողականին: Այս մասին քառյակի հերթական դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինիս խոսքով՝ քառյակը քննարկել է բյուջեի կատարողականի շուրջ միասնական դիրքորոշում հայտնելու հարցը: «Քանի որ քառյակի բոլոր ուժերը անցյալ տարվա բյուջեին քվեարկել էին դեմ, մենք որոշեցինք դեմ քվեարկել անցյալ տարվա բյուջեի կատարողականին»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև, որ նիստի արդյունքում հստակեցվել է միասնական պահանջների ցանկը, որը ներկայացվելու է նոր կառավարությանը:
«Մենք նախորդ նիստում պայմանավորվեցինք, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը կներկայացնի այն խնդիրները, լրջագույն մարտահրավերները, որոնք առկա են երկրի առաջ, և քառյակի յուրաքանչյուր անդամ ուժ ներկայացրել է իր մոտեցումները: Պիտի ասեմ, որ դրանք գրեթե նույնական էին, այսինքն՝ մենք բոլորս կարևորում էինք այն մարտահրավերները, որոնք կանգնած են երկրի առջև, օր առաջ լուծում են պահանջում: Քառյակի հաջորդ նիստում արդեն մենք կունենանք համատեղ պահանջների վերջնական ձևակերպումները, տեքստը ու բնականաբար մեր գործողությունների ծրագրով կշարժվենք առաջ»,- նշեց նա՝ հավելելով. «Այո, քառյակում կա կոնսենսուս միասնական հանրահավաք անցկացնելու, բայց ժամկետների հետ կապված վերջնական ճշգրտումները կարվեն հաջորդ նիստում»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու