Ընդվզման պակասով
Հասարակություն
Երեկ հայտնի դարձավ, որ առաջիկայում սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Պատճառը, ինչպես ասված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումարն է: Որի բացն էլ կլրացվի սպառողներին մատակարարվող սակագնի բարձրացմամբ:
«Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով` սակագնի բարձրացման պատճառներից մեկը հասարակության պասիվությունն է:
«Ժողովուրդը պետք է ակտիվ լինի ոչ թե քաղաքական հարցերում, այլ իր շահերի, սոցիալական հարցերում և պետք է լինի ընդվզում, իսկ ժողովուրդն ինքնակազմակերպվում է երկու ձևով՝ հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների ձևով, ո′չ նրանք են գործում, ո′չ նրանք: Ես ոչ մեկին էլ մեղադրելու նպատակ չունեմ, բայց սա է դիագնոզը: Մենք պասիվ ենք, մենք արժանապատվության պակաս ունենք, դրա համար էլ այսպիսի բաներ են մեր գլխին կատարվում»,- ասաց Պողոսյանը:
Վերջինիս համոզմամբ` թանկացման խնդիրը լուծելու տարբեր եղանակներ կան, սակայն քննարկումներն են բացակայում:
«Այդ եղանակները տարբեր են և դրանցից մեկը դիֆերենցված սակագինն է, այսինքն` վճարումն` ըստ քանակի, ոչ թե ծավալի. քիչ սպառողները պետք է քիչ վճարեն՝ ցածր սակագնով»,- ասաց Արմեն Պողոսյանը` ևս մեկ անգամ նշելով, որ հարցի լուծման համար անհրաժեշտ են բողոքի ակցիաներ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը