Նամակ վարչապետին. քաղաքացիները խնդրում են պահպանել Աֆրիկյանների ակումբի շենքը
Հասարակություն
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին և խնդրել, որ օրենքի սահմաններում վարչապետը քայլեր ձեռնարկի կառույցի պահպանման համար:
«Մենք` «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամներս, գտնում ենք, որ հանրապետական նշանակության այս հուշարձանի քանդումը հակասում է ՀՀ օրենքներին, մասնավորապես 21.10.2008թ.-ին ԱԺ-ի կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիային, որի 5-րդ հոդվածում նշված է. «Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքից, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել»: Այսօր Աֆրիկյանների ակումբի շենքին որևէ վտանգ չի սպառնում, և քանդման համար բերվող հիմնավորումները չեն բավարարում նշված կոնվենցիայի դրույթներին։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ, նույն այդ դրույթից ելնելով, անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի N 1616-Ն հավելված 2-ում նշված տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկը՝ ավելացնելով դրանք հավելված 1-ում նշված պահպանության ենթակա հուշարձանների ցանկին»,- ասված է նամակում:
Նամակով նախաձեռնության անդամները պահանջում են հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային ու եվրոպական պարտավորությունների իրականացմանը և փրկել Երևանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցները։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան