Վարդենիսում ցուցարարները բացել են քաղաքի մուտքի ճանապարհը
Հայաստան
ՀՀ Ոստիկանության Վարդենիսի բաժանմունքի, Գեղարքունիքի մարզպետարանի և Վարդենիսի քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ ցուցարարները ժամը տասնութին բացել են Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը՝ Վարդենիսի մուտքի մոտ, որն այսօր փակել էին մոտ հինգ ժամ՝ պահանջելով, որ անձամբ իրենց հետ հանդիպելու գա ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որպեսզի տեսնի և համոզվի, թե ինչ վնաս են իրենք աղետից ստացել, և որոշի համապատասխան փոխհատուցման տրամադրման հարցը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիսի քաղաքապետի տեղակալ Աշոտ Դավթյանը, ցուցարարները տեղի են տվել, երբ իշխանությունների կողմից նրանց հավաստիացում է տրվել, որ վաղն անձամբ Վարդենիսում աշխատանքային հատուկ այցով կլինի Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և տեղում կպատասխանի աղետից տուժած բնակիչների հարցերին:
Հունիսի 29–ին՝ ժամը 16.30–ի սահմաններում, պտուտահողմը մեծ չափերի ավերածություններ է գործել Վարդենիս քաղաքում՝ զգալի վնասներ պատճառելով մոտ հարյուրի չափ տնտեսությունների: Մոտ քառասունհինգ բնակարանների կիսաքանդ կտուրներն անձրևներից ժամանակավորապես պաշտպանելու համար մարդիկ դրանք ծածկել են պոլիէթիլենի թաղանթով:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից