Մխիթարյանի թիմը կհանդիպի «Լիվերպուլին»
Սպորտ
Լիվերպուլը հայտարարել է, որ մրցաշրջանին նախապատրաստվելու ընթացքում ընկերական հանդիպում կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Այս մասին հայտնում է Sports.ru-ն:
Անգլիայի և Գերմանիայի փոխչեմպիոնների միջև հանդիպումը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում օգոստոսի 10-ին՝ Պրեմիեր լիգայի սկսվելուց մեկ շաբաթ առաջ: Մինչ այդ Բրենդան Ռոջերսի թիմը կհանդիպի մի շարք ակումբների հետ, ինչպիսիք են «Ռոման», «Օլիմպիակոսը», «Մանչեսթեր Սիթին», «Միլանը»:
«Անցել է ավելի քան տասը տարի, ինչ Դորտմունդի «Բորուսիան» վերջին անգամ խաղացել է «Էնֆիլդում», դրա համար մենք անհամբերությամբ ենք սպասում այդ օրվան՝ երբ կարող ենք հյուրընկալել նրանց մեր մարզադաշտում»,- ասել է անգլիացիների կոմերցիոն տնօրեն Բիլլի Հոգանը:
«Այս խաղն աչքի կընկնի երկու թեմերի հանդիպմամբ, որոնք շատ ընդհանրություններ ունեն: «Լիվերպուլը» և «Բորուսիան» միշտ էլ հարուստ պատմություն են ունեցել, աչքի են ընկել կրքոտ երկրպագուներով և իրենց ֆուտբոլային անկրկնելի խաղաոճով: Մեզ համար մեծ պատիվ է խաղալ հիանալի «Էնֆիլդ» մարզադաշտում»,- իր հերթին հայտարարել է գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
Այս երկու թիմերի ընկերական վերջին հանդիպումը տեղի է ունեցել հեռավոր 1992 թվականին՝ ֆրանիսիական «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել է գերմանացիների հաղթանակով՝ 3:2 հաշվով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում