Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Քաղաքական
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Արևելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Դըրք Յան Կոպի հետ:
Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արտակ Զաքարյանը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության համար շարունակում է օրակարգային մնալ հավասարակշռված մոտեցումներ, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներում համագործակցության նկատմամբ:
Պարոն Զաքարյանը ներկայացրեց Հայաստանի՝ Մաքսային Միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումից հետո ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում համագործակցության հետագա հնարավորությունները: Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը չի կարող բացասաբար անդրադառնալ Հայաստան-Եվրամիություն երկկողմ և բազմակողմ համագործակցության վրա, քանի որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել և զարգացնել Եվրամիության անդամ երկրների հետ ձևավորված փոխգործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում:
Դեսպանը կարևորեց ՀՀ հետ ԵՄ համագործակցության խնդիրները: Նա նշեց, որ հասկանում, կիսում և հարգանքով է վերաբերվում ՀՀ որոշմանը, ինչպես նաև անդրադարձավ Արևելյան գործընկերության ներկայիս հիմնախնդիրներին:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ներկա փուլին՝ պարոն Զաքարյանը նշեց, որ ՀՀ-ն ամբողջությամբ իրականացրել է Մաքսային միությանն անդամակցելու քարտեզով նախատեսված միջոցառումները և այլ նոր խնդիրներ չպետք է ի հայտ գան և խոչընդոտ հանդիսանան այդ գործընթացին: Նշվեց, որ այժմ խնդիրը գտնվում է ՄՄ անդամ գործընկեր երկրների քննարկման դաշտում:
Հանդիպման ընթացքում պարոն Զաքարյանը ներկայացրեց ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական և տարածաշրջանը վտանգող քաղաքականությունը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործում Թուրքիայի ոչ ադեկվատ պահվածքը:
Նշվեց նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ն կարող է կամրջող դեր ունենալ տնտեսական տարբեր միությունների միջև՝ հաշվի առնելով ճկուն և հավասարակշռված հարաբերությունները:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել