Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակը ներկուսակցական շահեր սպասարկելն է. Շարմազանով
Քաղաքական
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում տեղ գտած Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արտահայտությունները ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը որակել է մեղմ ասած նողկալի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Շարմազանովն ասաց, որ բարոյական չի համարում, երբ ներկուսակցական շահեր սպասարկելու համար առաջ է բերվում ղարաբաղյան խնդիրը:
«Հարցազրույցը կարդալով պարզ դարձավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նպատակը հենց ներկուսակցական շահեր սպասարկելն է: Նրա նպատակը ո՛չ Եվրասիական միությունն է, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության հետ սահմանային միջադեպերի խնդիրը: Իր խոսքերին մեծ կարևորություն և հնչեղություն տալով է պայմանավորված, որ առաջին նախագահը խոսում է Լեռնային Ղարաբաղի և նրան սպառնացող վտանգի մասին»,- ասաց Շարմազանովը' հավելելով, որ առնվազն բարոյական չէ նման գործելակերպը, քանի որ Լեռնային Ղարաբաղը իշխանություններից պաշտպանելու կարիք չկա:
«Մենք լավ գիտենք Լևոն Տեր-Պետրոսյանի' ԼՂ հիմնահարցի լուծման շուրջ գաղափարները: Թե նրա գործողությունները, թե գաղափարները տխրահռչակ են և հասարակության մեջ հայտնի Ղարաբաղը ծախելու քաղաքականություն իրականացնողն այսօր փորձում է մեզնից պաշտպանել ԼՂ-ն: Դա առնվազն անբարոյականություն է»,- ասաց Շարմազանովը:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաբերած մտքերին ու տեսակետերի հետ համաձայն չէ նաև ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Վերջինիս գնահատմամբ՝ հարցազրույցի մեջ չկար որևէ ադեկվատ միտք և առաջին նախագահի դատողություններն անհեթեթությունների շարքից էին: Սահակյանի խոսքով՝ դժվար է դիմացինին համոզել ազնվության մեջ, եթե դիմացինն այդ նույն պայմաններում ազնիվ չէր լինի: Ըստ նրա, յուրաքանչյուրը երեւույթների, իրերի ու իրադարձությունների վերաբերյալ կատարում է դատողություն' ելնելով փչացվածության իր աստիճանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել