Կրթության և գիտության նախարարը կմասնակցի տնօրենների օգոստոսյան խորհրդակցություններին
Հասարակություն
Հանրապետության հանրակրթական դպրոցներում մեկնարկում են օգոստոսյան խորհրդակցությունները: ՀՀ ԿԳՆ աշխատակիցները, համապատասխան կազմակերպությունների մասնագետները, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կմասնակցեն տարատեսակ հանդիպումների: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Այդ ժամանակ թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում հնարավորություն կունենանք քննարկել կրթության խնդիրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Աշոտյանը: Աշոտյանն ընդգծեց, որ կհանդիպի տարբեր դպրոցների տնօրենների հետ և կքննարկի տարատեսակ հարցեր:
Նախարարի հրամանով հաստատվել է 2014-2015 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 26-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով, հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:
Արմեն Աշոտյանի հրամանով հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով մարզեր կգործուղվեն ԿԳ նախարարի տեղակալներ Մանուկ Մկրտչյանը, Կարինե Հարությունյանը, հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 27-ին ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը, օգոստոսի 28 -ին կայցելի Շիրակի, 29-ին՝ Լոռու, իսկ 30-ին Տավուշի մարզեր՝ մասնակցելու մարզային խորհրդակցություններին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել