«Ղազախստանը կողմնակից է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը». Այիմդոս Բոզժիգիտով
Տարածաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 28-ին ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը: Բարձր գնահատելով հայ-ղազախական բարեկամական հարաբերությունները՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և բարեկամական խմբերի դերը հարաբերությունների խորացման գործում: Նա նշել է, որ երկու երկրների բարեկամական կապերը կսերտանան հատկապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո:
Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը ՀՀ քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է:
ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով մարդկության դեմ իրականացված հանցագործություններին, նշել է, որ 2015թ. ապրիլին՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ, Երևանում կկայանա «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համաժողովը:
ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ երկու երկրների միջև վաղուց ձևավորվել է կառուցողական քաղաքական երկխոսություն: Նա նշել է, որ Ղազախստանը կողմնակից է ԵՏՄ կազմի ընդլայնմանը և այդ կառույցին ՀՀ անդամակցությանը, որի արդյունքում կստեղծվեն նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծացնելու լայն հնարավորություններ:
Դեսպանը, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցին, փաստել է, որ Ղազախստանը հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն է, և հարցի լուծումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել