Միջինում 2-7 տարի է անհրաժեշտ աղանդավորին դարձի բերելու համար
Հասարակություն
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը Հայաստանում օրենսդրական բացի արդյունքն է համարում տարբեր աղանդավորական կառույցների ակտիվ գործունեությունը:
«Չունենալով հստակ օրենսդրական դաշտ, ցանկացած աղանդավորական կառույց գործելու է այնպես, ինչպես ցանկանում է: Դրանցից մեկն էլ օնլայն քարոզն է: Հայաստանում չկա այդ կայքերի նկատմամբ վերահսկողություն, որի վառ ապացույցը մորմոնների կայքում միասեռականների հավաքագրումն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ալեքսանդր Ամարյանը` հավելելով, որ կա աղանդների գծով մասնագետների պակաս: «Աստվածաբանության ֆակուլտետը պետք է պատրաստի աղանդագետներ, իրավապահ մարմիններում պետք է մասնագետ լինի , որը կտիրապետի աղանդագիտությանը, պետք է լինեն սոցիոլոգներ, հոգեբաններ, ովքեր մասնագիտացած են կրոնի հարցերում»,-ավելացրեց բանախոսը:
Ամարյանի տեղեկացմամբ` ներկայում Հայաստանում կան 50 գրանցված և 250 չգրանցված աղանդավորական կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում` կրթական, բարեգործական, իրավապաշտպան կառույցների տեսքով:
Ալեքսանդր Ամարյանը հայտնեց նաև, որ վերջին շրջանում մի շարք կառույցներ լուծարվում են, իսկ աղանդավորների շարքերը պակասում են: «Եթե նախկինում յուրաքանչյուր 1000 նոր եհովայի վկայի բաժին էր ընկնում 450 մարդ, ով դուրս էր գալիս նրանց շարքերից, վերջին տարիներին արտահոսքը հասել էր 600-ի»,-ասաց նա:
Այն կազմակերպությունը, որը ղեկավարում է Ալեքսանդր Ամարյանը, աջակցություն է ցուցաբերում այն անձանց, ովքեր տուժել են աղանդավորական կառույցների գործունեությունից: «Մեզ, հիմնականում, դիմում են աղանդավորների բարեկամները: Այն, ինչ կատարվում է նրանց հետ, հատկապես երիտասարդների, ուղեղի լվացում է: Նրանք ոչ մի բան չեն ուզում ընդունեն, և շատ դժվար է աղանդավոր մարդուն հետ բերելը: Միջին վիճակագրական տվյալներով 2-7 տարի է պետք աղանդավորին դարձի բերելու համար»,-ասաց Ամարյանը` հավելելով, որ 11 տարվա ընթացքում իրենք հետ են բերել 35 աղանդավորի:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը