ՀՀԿ պատգամավորներն այսուհետ քառօրյա նիստերի օրակարգին նախօրոք կծանոթանան
Քաղաքական
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն այսուհետ ցանկացած քառօրյայի ավարտին հաջորդող շաբաթվա ընթացքում դռնփակ խորհրդակցություններ կանցկացնի, որի ժամանակ կքննարկվեն հաջորդ քառօրյայի օրակարգում ընդգրկվելիք հարցերը և կառավարության ներկայացրած հրատապ նախագծերը: Այս մասին այդ ֆորմատով առաջին խորհրդակցության ավարտից հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ դա իր նախաձեռնությունն է եղել: «Շատ հաճախ պատգամավորներն արդարացիոներ բողոքում են, որ քառօրյա նիստերից առաջ հաստատվում է քառօրյայի օրակարգը և իրենք օրակարգային հարցերի մասին տեղյակ չեն լինում և հանպատրաստից մտնում են մասնագիտական քննարկումների մեջ: Այս հարցը ինձ միշտ անհանգստացրել և մտահոգել էր, քանի որ նման դեպքերում իսկապես պետք է պատգամավորներին իրազեկել»,- ասաց Բաղդասարյանը:
Նա ընդգծեց, որ հաշվի առնելով այս ամենը, իրենք որոշում են կայացրել քառօրյա նիստերին հաջորդող շաբաթվա ընթացքում մոտավոր կանխատեսումներ ունենալ, թե ինչ հարցեր կարող են քննարկվել և կառավարությունն ինչ նոր հարցեր է ուղարկում: «Այսինքն, մենք իրազեկում ենք պատգամավորներին քննարկվելիք հարցերի մասին, որպեսզի նրանք պատրաստ լինեն»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք քննարկումներին կհրավիրեն նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: «Մենք կարողանում ենք նրանց հետ բանակցել: Ցանկանում ենք հասկանալ, թե ինչ խնդիրներ կամ ինչ առաջարկներ կան, որպեսզի նիստերի ժամանակ բոլորը պատրաստ լինեն քննարկումներին»,- ասաց նա:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ այսօր եղել է առաջին քննարկումը և այսուհետ այն պարբերական բնույթ է կրելու: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու են նախորդ քառօրյայի արդյունավետության հետ կապված հարցեր:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը