Մոսկվայի հայերը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտ մոմավառություն կկազմակերպեն
ԱՐԽԻՎ
Մոսկվայում ապրող հայերը, ի հիշատակ հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի, այսօր' հունվարի 14-ին, մոմավառություն կկազմակերպեն Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կազմակերպիչները միջոցառման անցկացման մասին հրավերը տեղադրել են նաև Facebook սոցիալական ցանցում, որին այս պահի դրությամբ միացել են Մոսկվայում ապրող մի քանի տասնյակ քաղաքացիներ: Նախաձեռնողները ծրագրում են մոմավառություն կազմակերպել նաև Մոսկվայում գործող հայկական եկեղեցում և աղոթել Ավետիսյանների ընտանիքի հոգու հանգստության համար:
Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին' ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը' հունվարի 15-ին ժամը 13:00-ին:
Հունվարի 13-ին Ազատության հրապարակում ևս կազմակերպել էին մոմավառություն, իսկ նախորդ օրը նմանատիպ մոմավառություն կազմակերպվել էր նաև Գյումրիում:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102- րդ ռուսական բազայի հրամանատարությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)