Բելառուսի նախկին վարչապետ Մյասնիկովիչն ընտրվել է խորհրդարանի վերին պալատի խոսնակ
ԱՐԽԻՎ
Բելառուսի նախկին վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հունվարի 16-ին ընտրվել է երկրի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մյասնիկովիչն ընտրվել է միաձայն, քվեարկությանը մասնակցած բոլոր 53 սենատորներն էլ «կողմ» են արտահայտվել:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 27-ին Մյասնիկովիչին ազատել էր վարչապետի պաշտոնից՝ նշանակելով Հանրապետության խորհրդի անդամ: Հունվարի 16-ին առողջական վիճակի կապակցությամբ խոսնակի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ դիմում էր ներկայացրել Խորհրդի նախկին նախագահ Անատոլի Ռուբինովը:
ՌԻԱ «Նովոստին» նշում է, որ ավելի վաղ Բելառուսի իշխանության կազմում կատարվել են նաև կադրային այլ վերադասավորումներ: Այսպես, հունվարի 15-ին Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատ) Անատոլի Կոբյակովին երկրի նոր վարչապետ նշանակելու համաձայնություն է տվել: Դեկտեմբերի վերջին Լուկաշենկոն փոխել է Ազգային բանկի ղեկավարին, իր վարչակազմի, մի շարք հանգուցային նախարարությունների ու առանձին տարածաշրջանների ղեկավարությանը: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ «նոր նշանակումներում արտակարգ ոչինչ չկա»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)