Մենք պետք է ցանկացած կետում հակառակորդից երկու անգամ ուժեղ լինենք. Վազգեն Մանուկյան
ԱՐԽԻՎ
Հայկական բանակի կազմավորման գործում դժվար է գերագնահատել Վազգեն Մանուկյանի դերը: Ցավոք, քչերն են այդ մասին հիշում: Հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ը զրուցեց վաստակաշատ քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությու նների թեկնածու, դոցենտ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր-նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
-Պարոն Մանուկյան, այսօր մենք նշում ենք Հայոց բանակ կազմավորման 23-րդ տարեդարձը, սակայն բանակի կազմավորման գործընթացը փաստացի սկսվել էր 1992 թվականից ավելի շուտ:
-Եթե վերհիշենք ամենասկզբնական կետը, ապա Սումգայիթի դեպքերից հետո եղան մարդիկ, որոնք հայտարարեցին, որ Խորհրդային Միության բանակը որոշ դեպքերում մեր պաշտպանը լինել չի կարող և պետք է ստեղծել մեր ինքնապաշտպանության ջոկատներն: Մյուս կողմից' սկսվեց զենքի արտադրությունը. ամենահեշտը ականանետի արտադրությունն էր և շատ մարդիկ զոհվեցին փորձարկումների ժամանակ: Որոշակի գումարներ «Ղարաբաղ» կոմիտեն ստանում էր ժողովրդից, որը ուղղվում էր Խորհրդային Միության տարածքում զենք գնելու համար: Այնուհետև ստեղծվեց Աֆղանական ջոկատը, որը կազմավորված էր Աֆղանստանում կռված երիտասարդներից, հետագայում կազմավորվում էին նաև այլ ջոկատներ, սակայն բանակի կազմավորման գործընթացը սկսվեց այն պահից, երբ 1990 թվականին մենք եկանք իշխանության:
Շատերը մոռանում են, որ այն ժամանակ չկար նախագահ, մենք պառլամենտական երկիր էինք. կար վարչապետ և Գերագույն Խորհրդի նախագահ, այսինքն' գործադիր իշխանությունը ամբողջությամբ կենտրոնացված էր վարչապետի ձեռքում: Առաջին հրամանս եղավ այն , որ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՄՀՕՋ) շարքերը պետք է մտնեն բոլոր ստեղծված կամավորական ջոկատները: Մենք այն ժամանակ ապրում էինք դեռևս ԽՍՀՄ կազմում և բանակի ստեղծման մասին հայտարարելն ուղղակի անիմաստ և անհնարին մի բան էր, սակայն Ներքին գործերի նախարարությունն ուներ Ներքին զորքեր, որոնք, փաստորեն, զինված ներքին բանակ էին: Եվ ես հայտարարեցի, որ բոլոր այն ջոկատները, որոնք չեն ցանկանա մտնել կանոնավոր ծառայության մեջ, պետք է զինաթափվեն ու դա շատ կոշտ դիրքորոշում էր, ու առաջին ջոկատները մտան ՄՀՕՋ-ի կազմ:
Այն ժամանակ մենք դեռ չէինք կարող ստեղծել պաշտպանության նախարարություն և իմ հրամանով ստեղծվեց պաշտպանության կոմիտե (այն ժամանակ նախարարությունը և կոմիտեն նույն կարգավիճակը ունեին): Ես առաջարկեցի Վազգեն Սարգսյանին դառնալ այդ կոմիտեի նախագահ, քանի որ «Ղարաբաղ» կոմիտեում ես ղեկավարում էի ոչ միայն որպես խորհրդի ղեկավար, այլ ունեի շատ պարտականություններ, այդ թվում' ռազմական գործերն իմ ուսերին էին դրված, և արդեն ես չէի հասցնում այդ ջոկատների հարցով զբաղվել և պետք էր մեկին հանձնարարել այդ պարտականությունները: Կար երկու թեկնածու' մեկÕ ¨ արդեն նշեցի' Վազգեն Սարգսյանն էր, ով աչքի ընկավ Երասխավանի դեպքերից հետո, մյուսն' Աֆղանական ջոկատի հրամանատար Սմբատ Հակոբյանն էր: Որոշակի քննարկումներից հետո մենք կանգ առանք Վազգենի թեկնածության վրա, քանի որ նա առաջին հերթին իմ կողմից ընկալվում էր որպես մարդ, ով հետագայում պատասխանատվություն էր կրելու ռազմական գործողությունների կազմակերպման համար: Բայց նա հրաժարվեց իմ առաջարկից' պատճառաբանելով, որ ինքն այն ժամանակ ՀՀ Գերագույն խորհրդում պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, որը խորհրդային իշխանության կողմից ընդունվող կարգավիճակ էր, իսկ իմ ստեղծած պաշտպանության կոմիտեն լեգիտիմ չէր, այսինքն' եթե մեկին Մոսկվայում ասեիր, որ ես պաշտպանության կոմիտեի նախագահն եմ, կարող էին քեզ լուրջ չընդունել, և ես համաձայնվեցի նրա բերված փաստարկների հետ ու որոշեցի այդ պաշտոնում նշանակել Վահան Շիրխանյանին: Որոշ ժամանակ անց պաշտպանության կոմիտե եկան կադրային զինվորականներ և ստացվեց այնպես, որ սա հիմքն էր հետագայում մեր բանակը ստեղծելու համար:
Հաջորդ քայլը այն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելուց հետո կազմեց կառավարություն և արդեն ստեղծվեց լեգիտիմ պաշտպանության նախարարություն, որի առաջին նախարարը դարձավ Վազգեն Սարգսյանը: Իհարկե, այն ժամանակ դեռևս հայկական և ղարաբաղյան ջոկատներն էին կռվում Արցախյան ռազմաճակատում, որովհետև դեռ չկար կանոնավոր բանակ, և պետք է նշեմ, որ Շուշիի գրավումը լիովին ղարաբաղցիների նախաձեռնություն էր, չնայած որ բոլորս էլ կողմնակից էինք դրան: Եվ ես համարում եմ դա փայլուն հաղթանակ' հատկապես այն պատճառով, որ այն ձեռք է բերվել հենց կամավորների շնորհիվ: Շուշիին հաջորդեց Լաչինի գրավումը, որով Արցախը կապվեց Հայաստանի հետ:
-Կարճատև դադարից հետո, հատկապես երբ հունիսին Ռուսաստանն Ադրբեջանին հանձնեց մեծ քանակությամբ զինամթերք, հակառակորդին հաջողվեց գրավել բավական մեծ տարածքներ և արդեն աշնանը լուրջ վտանգ էր առաջացել կորցնելու ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող Լաչինը:
-Որոշ դադարից հետո Ադրբեջանը ձեռնարկեց լայանածավալ հարձակում Շահումյանի շրջանի վրա, որի հետևանքով մենք կորցրեցինք այդ տարածքը, որին հաջորդեց մեծ պարտությունների շարքը: Այն ժամանակ ես արդեն վարչապետ չէի և դեռ պաշտպանության նախարար էլ չէի ու ես էլ էի ջոկատի հետ գտնվում Ղարաբաղում, և իրականում տեղեր կային, որ խուճապահար իրավիճակ էր ստեղծվել, և այդ ժամանակ էր, որ Վազգեն Սարգսյանը հայտարարել էր «Մահապարտների» ջոկատի ստեղծման մասին: Ընդհանրապես, մահապարտներով պատերազմ չեն հաղթում և դրա փայլուն օրինակն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված ճապոնացի կամիկադզեները, և ինձ վրա մեծ տպավորություն էր թողել մի դրվագ, երբ կամիկադզեներն ինքնաթիռներով գալիս էին ամերիկյան ռազմանավը ոչնչացնելու, ամերիկացիները, նստած, իրենց համար սիգար էին ծխում, և միացրած էին զենիթային թնդանոթները ու ոչ մեկը չկարողացան նավին հասնել: Վերը նշվածն ապացուցում է մի պարզ ճշմարտություն, որ անձնազոհությամբ պատերազմ չես հաղթի: Բայց, հանուն արդարության պետք է ասեմ, որ մահապարտների օգնությամբ հնարավոր եղավ մի կարճ ժամանակ ռազմաճակատը պահել:
-Այսինքն՝ լուրջ վտա՞նգ էր առաջացել կորցնելու Արցախը, քանի որ միայն կամավորական ջոկատների օգնությամբ պատերազմը տանուլ էինք տալու:
Ջոկատներով պատերազմելու ժամանակը անցել էր, և Մահապարտների ջոկատը վերջին ճիգն էր ջոկատների միջոցով հարցը լուծելու համար: Արդեն այն ժամանակ բանակ ստեղծելու համար հրավիրվել էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, սակայն բանակ ստեղծելու հիմնական սկզբունքները դեռևս անորոշ էին: Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ առաջարկեց դառնալ պաշտպանության հարցերը կոորդինացնող պետական նախարար, այն ժամանակ կար այդպիսի մի պաշտոն, և ես համաձայնվեցի:
Լաչինում մենք խնդիր ունեինք և Վազգենը փորձեց հավաքել կամավորական ջոկատները պաշտպանությունը կազմակերպելու համար, սակայն ոչ ոք չեկավ, որից հետո միասին փորձեցինք դա անել, սակայն, կրկին ապարդյուն, որից հետո ես ասացի Վազգենին, որ պետք է մի բան փոխել, քանի որ ջոկատները արդեն չեն ենթարկվում և առաջարկեցի, որ նրա փոխարեն պաշտպանության նախարար դառնա Նորատ Տեր-Գրիգորյանցը, սակայն նա դեմ արտահայտվեց այդ գաղափարին: Վազգեն Սարգսյանը դուրս եկավ պաշտոնից և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ խորհրդակցելուց հետո, երկուսն էլ պնդեցին, որ ես դառնամ պաշտպանության նա խարարի պաշտոնակատար: Ես պաշտոնակատար էի, քանի որ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էի և Լևոն Տեր-Պետրոսյանն այնպես ձևակերպեց, որ ես հետագայում եթե դուրս գայի նախարարի պաշտոնից, պահպանեմ պատգամավորի մանդատը:
Պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելուց հետո խնդիր առաջացավ, թե ինչպես կառուցել բանակը: Մենք, փաստորեն, ունեցանք իրար հետ միասնական բանակի երեք հատված: Առաջինը' Ղարաբաղի հատվածն էր, որը կառուցված էր մոբիլիզացիոն սկզբունքի հիման վրա, այսինքն' բոլոր տղամարդիկ որոշակի տարիքից պարտավոր էին գնալ բանակ, իսկ Հայաստան փախչողներին ոստիկանությունը հետ էր ուղարկում Արցախ: Երկրորդը' Հայաստանի կամավորական ջոկատների հիման վրա ստեղծվեց պայմանագրային հատված. շատ շուտ հասկացվեց, որ այդ մարդիկ պատրաստ են անձնազոհաբար կռվել, բայց երբ այդ պայքարը գևում է ամիսներ, տարիներ և իրենց ընտանիքներն այդ ընթացքում ցուրտ և սոված պայմաններում են ապրում, մարդիկ կոտրվում են, չեն կարողանում պայքարել: Նշանակվում է' աշխատավարձ էր պետք, և կամավորներից ով ցանկանում էր, մտնում էր բրիգադաների կազմի մեջ. դրվում էին պրոֆեսիոնալ բանակի հիմքերը: Արցախյան հերոսամարտի ողջ ծանրությունը իրենց վրա վերցրեցին վերը նշված երկու հատվածները: Եվ երրորդը' Նորատ Տեր-Գրիգորյանցը, ով առաջին և երկրորդ հատվածների հետ գրեթե գործ չուներ, իմ հանձնարարականով զինակոչիկների միջոցով պետք է ստեղծեր բանակ, այսինքն պետք է լիներ զ որակոչ, երեխաներին զինկոմիսարիատները պետք է հավաքագրեին:
Այդ ամենից հետո վեճեր առաջացան, թե ինչպիսի բանակ ստեղծել' ՆԱՏՕ-ի, թե ԽՍՀՄ տիպի բանակ: Ես և Նորատ Տեր-Գրիգորյանցը կողմնակից էիք խորհրդային տիպի բանակին, քանի որ բոլոր տղամարդիկ անցել էին հենց այդ բանակի ուղին' անկախ նրանից, թե որ մոդելն է ավելի լավը և արդյոք հետագայում կբարեփոխվի բանակի կառուցվածքը, թե ոչ: Ես իմ կողմից անում էի ամեն ինչ, որպեսզի բանակի այդ հատվածը չմասնակցի ռազմական գործողություններին, որովհետև փորձ չունեին' ի տարբերություն 30-40 տարեկան բանակայինների և զոհերը կլինեին շատ ավելի: Օրինակ' Լաչինում այսպիսի դեպք եղավ. հակառա կորդը հարձակվել էր, և այլ ելք չկար' պետք էր նահանջել, սակայն մի տղա զոհվեց հերոսի մահով. 20-21 տարեկան էր, գնդացիրով մոտ երկու ժամ միայնակ պահում էր դիրքերը մինչև ջոկատները հետ վերադարձան: Այսպիսի անձնազոհություն կարող են դրսևորել հիմնականում միայն 18-21 տարեկան երիտասարդները: Իհարկե, մեծ հերոսություններ էին կատարվում, սակայն կորուստների առումով վտանգավոր էին:
Մի խնդրի առջև էլ ես բախվեցի, երբ Քելբաջարի օպերացիայից հետո ռազմական գործողություններում դադար էր առաջացել, հրամանատարներ էին գալիս ինձ մոտ, խնդրում էին ինձ, որ ինչքան հնարավոր է շուտ վերսկսեն հերթական գործողությունները, որովհետև տաքարյուն երիտասարդներ էին, և արդեն խնդիրներ էին առաջանում բանակի ներսում:
-Երբ դեռ նոր էիք նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնակատար, առկա էր լուրջ խնդիր, քանի որ գնալով ավելի էին սրվում հայկական կամավորական ջոկատների հրամանատարների և կանոնավոր բանակի սպայական կազմի միջև եղած փոխհարաբերությունները:
-Վազգեն Սարգսյանի դուրս գալը ունեցավ ֆունդամենտալ նշանակություն: Մենք կոչ արեցինք բոլոր կադրային սպաներին գալ Հայաստան' ծառայելու, և ես տեղեկանք ունեի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, որ այնտեղ ծառայում էր շուրջ 4400 հայ սպա, որոնց զգալի մասը ցանկանում էր գալ մեզ մոտ: Բայց երբ նրանք գալիս էին Հայաստան, խնդիրներ էին առաջանում ֆիդայինների հետ, քանի որ սպաները ունեին առավելություն' կազմակերպման և գիտելիքների առումով, բայց իրենք չէին մասնակցել պատերազմի' բացի աֆղանական պատերազմի մասնակիցներից, իսկ ֆիդայինները չունեին գիտելիքներ, բայց ունեին մեծ փորձ: Վազգեն Սարգսյանի համար շատ դժվար էր, քանի որ նա կապված էր ֆիդայինների հետ, սակայն գիտակցում էր սպայական կազմը բերելու անհրաժեշտությունը: Տեղի ունեցավ ըմբոստություն, և նա նույնիսկ հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ և ասաց, որ Վազգեն Մանուկյանը ինձ էր հանձնել ձեզ, այսինքն կամավորական ջոկատները, բայց ես ձեզ նորից նրան եմ վերադարձրել և դուք պետք է ենթարկվեք նրան: Այնպես որ, կարողացանք հաղթահարել նաև այդ խնդիրը:
Ի տարբերություն մեզ' ադրբեջանցիները իրենց սպայական կազմին թշնամի համարեցին և չէին օգտագործում ռազմական գործողություններում, առանց այն էլ իրենց մոտ քիչ էր սպայական կազմը, բացի այդ, իրենք իրենց նորակոչիկներին ակտիվ օգտագործում էին ռազմական գործողություններում' տալով մեծ կորուստներ, և Բաքվում զոհված երեխաների մայրերը անընդհատ ցույցեր էին անում' այնտեղ ստեղծելով լարված վիճակ: Բայց պետք է նշեմ, որ նրանք ունեին հսկայական առավելություն զինամթերքի առումով. պայմանական առումով, իրենց մոտ «խորհրդային ժառանգություն» էր մնացել 10 հազար վ ագոն զենք և զինամթերք, մեզ մոտ 500-ը' մոտ 20 անգամ պակաս, բայց դա չտվեց նրանց առավելություն' լավ զինվորներ չունենալու պատճառով: Այդքան զենքի առկայությունը բացատրվում էր խորհրդային պաշտպանական ստրատեգիայով, որ եթե ՆԱՏՕ-ն հարձակվի, ապա առաջին գիծը չեն պաշտպանում, այսինքն Հայաստանը, այլ հետին գիծը, այդ պատճառով նրանք ունեին ավիացիա' մոտ 100 ռազմական ինքնաթիռ, իսկ մենք չունեինք:
Ինձ շատ են հարցնում, թե մեր հաղթանակը ինչով է պայմանավորված. առաջինը' հայերը լավ զինվոր են և դա հայտնի ճշմարտություն է: Նույնիսկ Անիի անկումից հետո Արևելքում հայ զինվորը ուներ մեծ համբավ, և բոլորը փորձում էին իրենց բանակները համալրել հենց հայերով: Եվ մեր բախտը բերել է, որ Ղարաբաղում ապրում են ղարաբաղցիներ, քանի որ իրենք ամենալավ կռվողներն են: Մյուս կարևոր գործոնը, որ մենք կռվում էինք մեր հողի համար. իհարկե, ադրբեջանցիներն ամեն գնով փորձում էին պահել Արցախը, բայց գիտակցում էին, որ այդ տարածքն ի սկզբանե իրենցը չի եղել: Երրորդը' հաղթելու ոգևորությունն էր, որը գուցե ոչ բոլորի մոտ էր ձևավորվել, սակայն առկա էր տասնյակ հազարավոր կռվող տղաների մեջ:
-Դժվա՞ր է վարել պատերազմ, երբ երկրի գլխավոր դեմքերը' ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանի, տեղյակ չէին կամ չէին ցանկանում տեղեկանալ Արցախյան ռազմաճակատում տիրող իրավիճակին, և արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը դե՞մ էր Կապանի օպերացիային (1992թ. դեկտեմբերին հայկական զինված ուժերը գրավեցին Կապան քաղաքից ոչ հեռու գտնվող վարչականորեն Ադրբեջանի Զանգելանի շրջանին պատկանող ադրբեջանական մի քանի գյուղեր-հեղ.) և Քելբաջարը գրավելուն:
-Նախևառաջ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր հավատում, որ հնարավոր է հաղթել, որովհետև եթե հաշվի էր առնվում մեր բնակչությունը իրենց բնակչության, իրենց ֆինանսական հնարավորությունների հետ համեմատությունը, ապա թվում էր, որ հաղթել հնարավոր չէ, և եթե հնարավոր չէ, մնում էր գնալ հաշտություն, պայմանավորվել, որը կնշանակեր տարածքային և հոգեբանական զգալի կորուստներ: Երկրորդը' ես չեմ ուզում դատավոր լինել: Պատկերացնում եք, եթե պատերազմ չլիներ, ինչքան հանգիստ կարելի էր ղեկավարել' հատկապես, երբ պետք էր աշխատել դուր գալ Արևմուտքին, իսկ վերջինս պատերազմին ամբողջո ւթյամբ դեմ էր տրամադրված:
Կապանի օպերացիան ես ոչ մեկի հետ չէի համաձայնեցրել: Այն ռազմական անհրաժեշտություն էր, և դա առաջին ապացույցն էր այն բանի, որ ոչ թե մենք ենք օգնում կռվող ղարաբաղցիներին, այլ Հայաստանը նախահարձակ եղավ Կապանի լեզվակի դիմաց: Եղան զոհեր, սակայն մենք փրկեցինք տեղի բնակչությանը: Դրանից հետո մեծ աղմուկ բարձրացավ Գերագույն Խորհրդում, նրանք փակ նիստ գումարեցին և ուզում էին ինձ պաշտոնանկ անել:
Ինչ վերաբերում է Քելբաջարի օպերացիային, ապա Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվեցինք, որ պետք է տեղյակ պահել' նախորդ պատմությունը չկրկնելու համար: Մենք ասացինք, որ միայն ղարաբաղցիներն են լինելու այնտեղ, մենք չենք խառնվի, իհարկե, այդպես չարեցինք: Կրկին վեճեր եղան, բայց գոնե հանգիստ էինք այն առումով, որ մեծ աղմուկ հետագայում չի բարձրանա, չնայած որ' եղավ: Պետությունը դեռ լիովին ձևավորված չէր, Ղարաբաղն իր դերը ուներ, պաշտպանության նախարարությունը իր դերը, բայց այն, որ ես եղել էի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վարչապետ, ստիպում էր բոլորին քեզ հետ հաշվի նստել:
-Ի՞նչ նշանակություն ունեցավ մեզ համար հաղթանակն Արցախյան հերոսամարտում:
Մենք հսկա երկիր էինք, որը օբյեկտիվ, թե մեր հիմարության կամ այլ պատճառներով կորցրել էր այդ տարածքը և մեր բնակչությունն ու մնացել էր այս փոքր հատվածը: Եվ միակն հատվածը, որը մազապուրծ էր եղել ցեղասպանությունից' Արցախն էր, և այն ոտքի է կանգնում և խնդրում է Մայր հայրենիքին օգնել իրեն պաշտպանվել: Մենք այդ հաղթանակի շնորհիվ կարողացանք 1915 թվականի ցեղասպանությունից հետո պարտվողի հոգեբանությունից դուրս գալ: Կան մարդիկ, որ ինձ ասում են' եկեք տանք Ղարաբաղը, և մենք հանգիստ ապրենք, սակայն այդ դեպքում մենք հանգիստ չենք ապրի: Դա հոգեբանական կողմն է: Մյո ւս կողմից' Արցախը օգտվեց ինքնորոշման իրավունքից: ԱՄՆ Նախագահ Բիլ Քլինթոնն իր ներկայացուցչին ուղարկել էր հանդիպելու ինձ և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ես ասացի, որ դուք եք մեղավոր այս ամենի մեջ. զարմացավ, թե ինչու, ես էլ ասացի' այդ դուք չէիք գոռում «Ազատություն» ռադիոյից, որ պետք է բոլոր ազգերը ինքնորոշվեն, և գյուղացի մշակը բահը գցեց մի կողմ և ասաց, որ գնում է ազատության, իսկ հիմա նրա վրա հարձակվել են, և դուք ասում եք' ինչո՞ւ է նա պաշտպանվում: Անշուշտ, Միխայիլ Գորբաչովը արթնացրեց մի բան, որը չկարողացավ կառավարել:
-Պարոն Մանուկյան, այժմ մենք ունե՞նք այն բանակը, որը երազում էիք տեսնել 23 տարի առաջ, և ի՞նչն է անհրաժեշտ առաջնահերթ բարելավել մեր բանակում:
Անկեղծ ասած' այն ժամանակ բանակը երազանք չէր, այլ անհրաժեշտություն: Երբեմն ինձ քննադատում էին, ասում էին' այսինչ զորամասը այնքան էլ լավը չէ: Ես էլ հակադարձում էի' ասելով, որ եթե մենք իդեալի հետևից գնանք, ապա չենք ունենա բանակ: Մենք պետք է ցանկացած կետում հակառակորդից երկու անգամ ուժեղ լինենք: Մոնթեն էր լավ ասում. «էհ, պարոն նախարար, մենք էշ ենք, բայց մեր բախտը բերել է, որ ադրբեջանցիները մեզնից ավելի էշ են: Այսինքն' դու պետք է ուժեղ լինես ամեն կետում, որը մեզ հաջողվեց:
Արդեն խաղաղ պայմաններում պետք է մտածել իդեալական բանակի մասին: Ես կարծում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը լավ աշխատանք են տանում այդ ուղղությամբ, և դժվար թե ես կարողանամ ինչ-որ նոր բան մտածեմ բանակի բարելավման ուղղությամբ, քանի որ դրանք ստանդարտ գործողություններ են և պետք է ուղղակի դրանք կատարվեն, և կարևոր է' դրանք կատարվում են:
- Ձեր բարեմաղթանքները հայկական հաղթանակած բանակին:
Ես մաղթում եմ, որ մեր բանակն այնպիսի մարտական պատրաստականություն ունենա, որ չներքաշվի պատերազմի մեջ:
Հարցազրույցը՝ Հենրիխ Մարգարյանի


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)