Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը 3 գրավոր դիմում-բողոք է ստացել
ԱՐԽԻՎ
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հանձնաժողովում մինչ այս պահը ստացվել է ընտրախախտումների վերաբերյալ երեք գրավոր դիմում-բողոք: Տվյալները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը: «Դիմումներից մեկը ներկայացվել է քաղաքացու կողմից, որը եղել է ընդհանուր հայտարարություն, իսկ մյուս երկուսը՝ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից: Դիմումներից մեկը ներկայացրել է Asparez.am կայքի լրագրող Մելինե Ավագյանը, իսկ մյուսը՝ մի շարք լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նունե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վերջին երկու դիմումները վերաբերվում են նրան, որ ընտրական տեղամասերում խոչընդոտվել են լրագրողների և դիտորդների աշխատանքները:
Ստացված դիմումների հիման վրա հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կապ է հաստատել նշված դիտորդների և լրագրողների հետ: Մելինե Ավագյանի կողմից հետո ստացվել է հաղորդագրություն, որ ինքը չունի որևէ բողոք և իր իրավունքները չեն խախտվել: «Մենք զրուցել ենք նաև մյուս դիտորդների և լրագրողների հետ, բոլորը հերքել են դիմումով ներկայացված այն հանգամանքը, որ տեղամասային հանձնաժողովները դիտորդներին արգելում են իրականացնել իրենց առաքելությունը»,- ընդգծեց Նունե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վերջին երկու դիմումները, այնուամենայնիվ, կուղարկվեն դատախազություն, քանի որ դրանցում խոսք է գնում դիտորդների իրավունքների խախտումների մասին:
Հանձնաժողովը ստացել է նաև բազմաթիվ զանգեր: Արդյունքները կամփոփվեն ավելի ուշ: Նա նաև հայտնեց, որ 41 ընտրատարածքային հանձնաժողովներում ժամը 21:00-ի դրությամբ որևէ գրավոր դիմում և բողոք չի ներկայացվել:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը