Ֆրանսիան այսօր այլ քաղաքականություն է վարում Թուրքիայի հետ. Վալերի Բուայե
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության անդամ Վալերի Բուայեն, ով հեղինակել է հայերի ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրենսդրական նախագիծը, այժմ պատրաստվում է Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ մտցնել նմանօրինակ մի նախաձեռնություն։
Ֆրանսիայի Սենատի կողմից այդ օրենսդրական նախագծի ընդունումից հետո պատգամավորի և նրա ընտանիքի նկատմամբ թուրքերի կողմից սկսվել էին այնպիսի հարձակումներ, որ պատգամավորի և նրա ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել դիմել օրինապահ մարմինների օգնությանը։
Պատգամավորը նշել է, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ստեղծել էր համապատասխան միջավայր այդ օրենքի ընդունման համար, սակայն նախքան փաստաթղթի ստորագրումը ստիպված է եղել սպասել, մինչև այն հաստատվի Սահմանադրական խորհրդի կողմից։ «Սարկոզին շատ քաջ մարդ էր, չնայած նրան, որ երկրի կառավարությունը և մի շարք պետություններ դեմ էին այդ նախագծին, նա ստեղծել էր բոլոր նախապայմանները օրինագծի ընդունման համար։ Այդ որոշումը վերաբերվում էր միայն Ֆրանսիային և նրա քաղաքացիներին, մենք չէինք ուզում որևէ կերպ դրանով վնասել Թուրքիային, չնայած որ նկատում էինք հայերի ցեղասպանությունը ժխտող նրա ագրեսիվ քաղաքականությունը»,-ասել է Բուայեն։
Բուայեն նաև նշել է. «Ֆրանսիայի ներկա նախագահ Ֆրանսուա Օլանդը նախընտրական քարոզարշավում խոստացել էր ընդունել հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ, սակայն այժմ մենք նկատում ենք, որ նա այլ քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ։ Թուրքիան իր ագրեսիվ մերժողական քաղաքականությամբ հանգեցրեց նրան, որ հայերին վերաբերող հարցերը մտնեն եվրոպական օրակարգ։ Թուրքիայում հասկացան, որ Ֆրանսիայում կան մարդիկ, որոնք չեն վախենում նրանցից»։
Պատգամավորը հավաստել է նաև այն փաստը, որ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան չէր վարի նման ագրեսիվ մերժողական քաղաքականություն, իսկ Հունգարիան էլ չէր ընդունի ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին հայրենիք վեադարձնելու որոշումը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան