Իշխանության հանձնում` Գյումրիում. Ի՞նչ է այս անգամ գրվելու Սամվել Բալասանյանի ճակատին.
Վերլուծական«Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին: Համագործակցության հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից: Փոխքաղաքապետի թեկնածուների անունները կհայտարարվեն նոյեմբերի 1-ին: Հուշագրով կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:
Փաստորեն, Բալասանյանի դեմ ուղղակիորեն և անուղղակիորեն հարուցված քրեական գործերն իրենց սև գործն ամեն դեպքում արեցին և Բալասանյանը, ունենալով ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա կազմելու քարտ-բլանշ, նախընտրեց իշխանությունը կիսել ՔՊ-ի հետ: Ժամանակին Բալասանյանը հայտարարում էր, որ իր ճակատին գրած է ՕԵԿ, հետո դարձավ ԲՀԿ, հետո էլ ՀՀԿ, հիմա էլ թերևս ՔՊ` հաշվի առնելով, որ ընդդիմադիր սեգմենտում դիրքավորված ուժն այդքան հոժարակամ քաղաքի կառավարման իր իրավունքները կիսում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի հետ:
Հարկ է ընդգծել նաև իշխանությունների պահվածքը. քրեական գործերը հարուցվում են, սակայն, եթե այդ գործերի թիրախում հայտնված նախկինները համաձայնում են անցնել իրենց՝ իշխանությունների թրի տակով, ապա անշուշտ իշխանություններն էլ պատրաստակամ են լինում մոռանալ օրենքի խախտումների մասին և ջրել վերը նշված քրեական գործերը: Ապագայում սպասենք հենց նման զարգացումների: